Կուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցել, եթե փոխադարձ հարգանք լինի

Երբ ժամանակին Կուբան հեղափոխություն արեց և համալրեց սոցիալիստական ճամբարի շարքերը, Միացյալ Նահանգները դարձավ այս երկրի երդվյալ թշնամին: Այժմ արդեն Ֆիդել Կաստրոյի ժամանակներն անցյալ են դառնում, սակայն Հավանայի ու Վաշինգտոնի հրաբերություններն այդպես էլ չեն կարգավորվում: Սեպտեմբերի 25-ին, սակայն, կարծես այդ ուղղությամբ ինչ-որ քայլ է ձեռնարկվել, քանի որ դրա մասին խոսել է Կուբայի այժմյան ղեկավարը, երբ ապրիլին պետության գլխավոր դառնալուց ի վեր առաջին անգամ ժամանել է ԱՄՆ:
 
Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին ասել է, որ իր պետությունը պատրաստ է երկու երկրների համագործակցության հնարավորություններն օգտագործել, եթե դա հիմնվելու է հավասարության և փոխադարձ հարգանքի վրա: Ու նաև նշել է, որ իրենց հարաբերություններում  նկատվող հետընթացը երկու ժողովուրդների շահերին էլ վնաս է հասցնում: 
 
Հանդիպման ժամանակ ամերիկացիները հետաքրքրվել են Կուբայի հետ առևտրային կապերով, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում (հաղորդում է ՏԱՍՍ-ը): 
2014թ. վերջին Վաշինգտոնն ու Հավանան քիչ էր մնացել հարաբերությունների բարելավման գործընթաց սկսեն, սակայն նախագահ դառնալուց հետո Դոնալդ Թրամփը Հավանայի նկատմամբ քաղաքականությունը դարձյալ խստացրել է և ավելի է սաստկացրել առևտրատնտեսական բեռնարգելքը:  
 
Կուբայի ղեկավարը Միացյալ Նահանգների հետ հարաբերվելու գլխավոր պայման է համարում հավասարությունն և փոխադարձ հարգանքը: Բայց Թրամփի նախագահ դառնալուց հետո Միացյալ Նահանգների իշխանությունը կարծես սկսել է անթաքույց իրեն բոլորից վեր դասել և խիստ վերակացուի նման բոլորին պատժել: Այնպես որ, այդ երկու երկրների հաշտությունը դեռևս սարերի ու ձորերի հետևում է թվում: