Իդլիբում քիմիական գրո՞հ են նկարահանում

Սիրիայի Իդլիբ գավառում դեռևս ահաբեկիչներ են ամրացված, և այնտեղ ուշ թե շուտ ռազմական գործողություններ են լինելու, ինչին պատրաստվում են ոչ միայն Սիրիայում, այլև հարևան ու հեռավոր տարբեր պետություններում: Ինչպես արևմտյան մի քանի պետություն հայտարարել են, Սիրիայի կառավարությունն այնտեղ քիմիական գրոհ է նախապատրաստում, և այդ դեպքում իրենք չեն վարանելու նրան հարված հասցնել: Ընդամենը երկու օր առաջ իր այդ սպառնալիքը վերահաստատել է Ֆրանսիան:
 
Սեպտեմբերի 11-ին ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, լուր տարածեցին, թե Իդլիբի բնակիչները ռուս զինվորականներին պատմել են, որ Ջիսր-Էշ-Շուգուր բնակավայրում սկսվել է նկարահանումը մի սադրիչ տեսահոլավակի, որտեղ պետք է բեմադրված քիմիական գրոհ ցուցադրվի: Նշվում է, թե արդեն այնտեղ են ժամանել մի քանի մերձավորարևելյան և անգամ մեկ ամերիկյան հեռուստաալիքներ: Սադրիչ սցենարի համաձայն՝ իբր բնակավայրի վրա են նետում թունավոր նյութերի բեռնարկղ, իսկ տխրախռչակ «Սպիտակ սաղավարտներ» խմբի անդամներն օգնություն են ցուցաբերում կեղծ տուժածներին: 
 
Տեսանյութն առավել արժանահավատ դարձնելու համար գրոհայինները Ջիսր-Էշ-Շուգուր են տեղափոխել քլորի հիմքով թույնի երկու տակառ: Այդ նյութը պետք է երևա բնահողի մեջ, որից նմուշ պետք է վերցնեն «Սպիտակ սաղավարտները»:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայի ափերին է մոտեցնում  սուզանավեր և ականակիրներ՝ թևավոր հրթիռներով: Նշվում է, թե հարվածի մեկնարկի ազդանշան պետք է դառնա այդ նույն «ֆեյքային» քիմիական գրոհը, իսկ ամերիկյան հեռուստաընկերությունների տվյալներով՝ զինվորականներն արդեն կազմել են նշանակետերի ցանկը և հանձնել են նախագահ Թրամփին: 
 
Հասարակ մահկանացուների համար դժվար է զանազանել հորդահոս հեղեղի նման թափվող տեղեկությունների սուտն ու ճշմարիտը, բայց մի բան հստակ է՝ միջազգային խաղացողներին խաղաղ Սիրիա հարկավոր չէ, և ամեն ինչ արվում է այս հինավուրց երկիրը տապալելու ու բաժան-բաժան անելու համար: Իդլիբի նկատմամբ, իհարկե,  ամենամեծ ախորժակը պահում է սահմանակից Թուրքիան, որը գլոբուսն աչքի անցկացնելիս միայն մեկ մարմաջ է ունենում՝ ամբողջի վրա տարածի իր դրոշի արայունաթախ կարմիրը: