Brexit-ի- ծանր «երկունքը» շարունակվում է

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը շարունակում է լարվածություն առաջացնել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերություններում: Այդ հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեն բրյուսելյան մամուլի ասուլիսում նշել էր, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մի սցենարի, որի պարագայում Լոնդոնն ու Բրյուսելը չեն կարողանա համաձայնության հասնել՝ համագործակցություն կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ:
 
Սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթն էլ Վիեննայում համախմբված ԵՄ պետությունների արտգործնախարարներին ասել է, թե ինքը  հնարավոր է համարում, որ բանակցությունների շնորհիվ Բրյուսելի հետ համաձայնության կհասնեն (տեղեկությունը տարածել է Press Association-ը):
 
- Այստեղ մեր խնդիրն է՝ համոզվել, որ բոլոր կողմերը քաղաքական կամք են հանդես բերում: Մենք հնարավոր ենք համարում համաձայնության գալը: Մենք կարծում ենք, որ դա բխում է թե՛ ԵՄ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի շահերից: Սակայն դա մի աշխատանք է, որը պահանջում է շաբաթներ շարունակ գործադրվող հսկայական ջանքեր, իսկ մեզ հենց շաբաթներ են մնացել:
 
Brexit-ի հարցերով Բրիտանիայի նախարար Դոմինիկ Ռաաբն էլ հույս է հայտնել, թե գործարքը կհաջողվի կնքել հոկտեմներին՝ ինչպես ծրագրել են կողմերը: Սակայն  Bloomberg գործակալության աղբյուրը չի բացառում, որ այդ ժամկետը կարող է հետաձգվել մինչև նոյեմբեր: 
 
Նախապես ճշտված կարգի համաձայն՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները պետք է տևեն մինչև 2018թ. նոյեմբեր, որից հետո գործարքի ձեռքբերումները պետք է հաստատեն Եվրախորհրդարանն ու Վեստմինստերը: Եթե ամեն ինչ բարեհաջող վերջանա, 2019թ. մարտի 29-ից Մեծ Բրիտանիան կհամարվի ԵՄ-ից դուրս, որից հետո մինչև 2020թ. տարեվերջ անցումային փուլում կգտնվի:
 
Brexit-ի ծանր ընթացքին հետևելիս միտք է ծագում, թե Մեծ Բրիտանիան մի ծանր երկունքի մեջ է, միայն թե դեռ պարզ չէ՝ ինչպիսի՞ն կլինի նորածին երկիրը: Իսկ որ այն գոնե մի փոքր այլ կլինի, քան ԵՄ անդամ պետությունն էր՝ ակնհայտ է: Մեկ էլ տեսար՝ Միացյալ Թագավորությունը նաև տրոհվեց: Բայց մի բան երևի անփոփոխ կմնա՝ այն առաջվա պես միշտ համամիտ ու աջակից կլինի Միացյալ Նահանգների բոլոր քաղաքական ծրագրերին ու նախաձեռնություններին: