ՄԱԿ-ը եզրակացրել է` ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել

ՄՅԱՆՄԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ

Միավորված ազգերի կազմակերպությունում հրապարակվել է մի զեկույց, որտեղ նշվում է, թե Մյանմայի Ռաքհայն նահանգի մահմեդական ռոհինջա ազգության նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Մյանմայում մարդու իրավունքների խախտման վերաբերյայ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության աշխատակիցն իր զեկույցը հրապարակել է  օգոստոսի 27-ին, իսկ 29-ին Մյանմայից հնչել է անհամաձայնության պատասխանը:

Այդ մասին հայտարարել է Մյանմայի նախագահի գրասենյակի մամուլի քարտուղարը, իսկ տեքստը հրապարակվել է The Global New Light Of Myanmar լրագրում: Նա նշել է, թե երկրի կառավարությունը մարդու իրավունքների խախտումները չի հանդուրժի և ոչ մի բացառություն չի անի:

- Եթե կան մարդու իրավունքների որոշակի խախտումներ, ուղղակի մեզ համոզիչ ապացույցներ տվեք, գրանցված նյութեր և ժամանակագրություն, որպեսզի մենք կարողանանք հետաքննություն իրականացնել,- ասել է նա:

Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ իրենց երկրում ստեղծվել է  հետաքննության Անկախ հանձնաժողով` որպես պատասխան «ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների սուտ պնդումների»: Նշվում է, որ Մյանմայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ փաստեր հավաքող միջազգային առաքելությունը կազմվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևին համապատասխան, մինչդեռ…

- Մեր կառավարությունն աշխարհին բաց ասել է այն մասին, որ մենք չենք ընդունում Մարդու իրավունքների խորհրդի բանաձևը, այդ պատճառով էլ այն մերժում ենք: Մենք առաքելության ներկայացուցիչներին թույլ չենք տվել մեր երկիր մուտք գործել,- ընդգծել է մամուլի քարտուղարը:

Մամուլի քարտուղարը նաև շեշտել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել ընդդեմ մարդու իրավունքների ցանկացած խախտման, և իրենց կառավարությունը ստանձնել է այդ խնդիրների լուծման պարտավորությունը:
Վերը նշված զեկույցի հեղինակը եզրակացրել է, թե Ռաքհայն նահանգի մահմեդական ռոհինջա ազգության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար Մյանմայի բարձր զինվորականության ներկայացուցիչները պետք է դատվեն: ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության աշխատակիցները նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին հանձնարարել են «կիրառել անհատական պատժամիջոցներ` ներառյալ  ճամփորդելու արգելքը և ակտիվների սառեցումը նրանց նկատմամբ, ովքեր ամենամեծ չափով մեղավոր են միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար»: Առաքելության կարծիքով` անհրաժեշտ է Մյանմայի նկատմամբ զենքի բեռնարգելք կիրառել:

Թե իրականում ինչ է կատարվել Մյանմայում, տեղեկատվական քաոսի ու ապատեղեկատվության մեր դարում այնքան էլ հեշտ չէ ճշգրիտ բանաձևել: Անգամ այնպիսի ակնհայտ ցեղասպանությունը, ինչպիսին մեկ դար առաջ գործվեց հայերի նկատմամբ Թուրքիայում, ապաև 30 տարի առաջ շարունակվեց դրա նախագիծ Ադրբեջանում, այսօր ընդունվում է միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Մեր օրերի աշխարհում մի ուշագրավ բան էլ է կատարվում. միջազգային հանրություն կոչվածը կարծես միայն մահմեդականների նկատմամբ է ցեղասպանություն բառը կիրառում և ամրագրում փաստաթղթերում (հիշենք Կոսովոն ու ներառենք Մյանման): Այն դեպքում, որ աշխարհն ահուսարսափի մեջ պահող ուժերը հենց իսլամի անունից են հանդես գալիս: 

Այս թնջուկի վերլուծությունը վերապահենք հմուտ քաղաքագետներին, կրոնագետներին ու մնացած «գիտակներին», բայց չմոռանանք` քանի դեռ չվերլուծված, չդատապարտված ու չպատժված է մնում Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ դրա մեղավորները «աշխարհի հզորների հետ սեղան են նստում» ու դեռ երևի նման բանաձևերին իրենց համաձայնությունը հայտնում, աշխարհում ո՛չ խաղաղություն է լինելու, ո՛չ էլ «մարդու իրավունքների» տարփողված դրույթն է իր արդար նպատակին ծառալեյու: