Իրանում կիրակի օրով էկոնոմիկայի նախարարին պաշտոնանկ են արել

Իրանում փորձում են տնտեսական իրավիճակը շտկել կառավարության անդամների փոփոխությամբ: Այնտեղ վերջին մի քանի ամսում խիստ անկում է ապրել տեղական արժույթը. ԶԼՄ-ների տվյալներով` դոլարի ոչպաշտոնական արժեքը հուլիսի վերջին գերազանցել է 100 հազար ռիալը. սա` այն դեպքում, երբ դեռևս մարտին 50 հազարը չի գերազանցել:

Օգոստոսի սկզբին երկրի խորհրդարանը նախագահ Հասան Ռոուհանիին մեկ ամիս էր տվել, որպեսզի հաշիվ տար տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման գծով կառավարության գործողությունների մասին: Ռոուհանին համաձայնել էր խորհրդարանում հանդես գալ, սակայն այդ պահանջն անվանել էր «հակասահմանադրական»:

Իրանի խորհրդարանականները երկրի նախագահ Հասան Ռոուհանիից պահանջել էին տնտեսական հարցերի համար պատասխանատու մի քանի նախարարների պաշտոնանկումը: Նախագահի աշխատակազմում նշել էին, որ կառավարությունում փոփոխություններ են լինելու: Օգոստոսի 8-ին խորհրդարանի պահանջով պաշտոնից զրկվել էր կոոպերացիայի, աշխարանքի և սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին:

Սակայն Իրանի խորհրդարանի համբերությունը, երևում է, արդեն սպառվել է: «Մեհր» գործակալությունը հաղորդում է, որ կիրակի օրը 33  պատգամավոր պահանջել է էկոնոմիկայի նախարար Մասուդ Կարաբասյանի հրաժարականը, որին էլ համաձայնություն է տվել 137 խորհրդարանական: Հրաժարականի այս ընթացակարգն անցկացվել է «երկրի տնտեսության մեջ թափանցիկության բացակայության և բանկային համակարգի խախտումների պատճառով»: 

- Մենք հուսով ենք, որ Կարաբասյանը կկարողանա մեծ հաջողությունների հասնել ուրիշ հարցերում,- կառավարության արդեն նախկին անդամին կարծես մխիթարել է խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Առանց այն էլ բարդ իրավիճակում գտնվող երկրի գլխին նորից են թափվել ԱՄՆ պատժամիջովները, սպասվում են նորերը, և Իրանը, ըստ երևույթին, փորձում է իրավիճակից դուրս գալ հնարավորինս նվազ կորուստներով: Բայց թե կադրերի փոփոխությունը դրան որքանո՞վ կնպաստի` ցույց կտա ժամանակը: Ասում են` «նոր ավելն ավելի լավ է մաքրում», սակայն նաև փաստ է, որ «փորձված թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը»: Ի դեպ, նորաթուխ կառավարություն ունեցող Հայաստանում ժողովրդական այս իմաստնությունները նույնպես շատ արդիական են: