Ուկրաինան իր ներկայությունն է մեծացնում Ազովի ծովում

Ուկրաինան հայտարարել է Ազովի ծովում իր ռազմածովային ուժերի ներկայություննը մեծացնելու մտադրության մասին: Չի անտեսվելու նաև առափնյա տարածքների անվտանգությունը: Այս մասին օգոստոսի 16-ին «BBC News Ուկրաինա»-ի եթերում խոսել է զինված ուժերի գերագույն շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն:
 
- Հարկավոր է անպայման մեծացնել ուկրաինական ռազմածովային ուժերի ներկայությունը Ազովի ծովի ջրային տարածքներում: Մենք ծրագրում ենք ոչ միայն ուժեղացնել ներկայությունը ծովում, այլ նաև միջոցառումներ իրականացնել Ազովի առափնյա տարածքների պաշտպանության ուղղությամբ: Բուն ծովում իրենց ուժերով և միջոցներով գործում են սահմանապահները, սակայն ՌԾՈՒ կազմավորումների ռազմական ներկայության մեծացումը պարտադիր է լինելու,- ասելել է Մուժենկոն: 
 
Անցած շաբաթ Ազովի ծովի հետ կապված Կիևի ծրագրերի մասին խոսել էր նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: Նա հայտարարել էր, որ մտադրություն կա Ազովի ծավում ստեղծել նավային-մոտորանավակային խմբավորում՝ հակազդելու համար ռուսական սահմանապահներին, որոնք  վերահսկողությունն ավելի են ուժեղացրել, երբ ուկրաինական կողմը կալանքի տակ է առել ղրիմյան «Նորդ» ձկնորսանավը: Ըստ Տուրչինովի՝ Ազովի ծովում մասնավորապես մեծացվելու է առափնյա և ջրային տարածքների  գործուն դիտարկման պահակակետերի թիվը, և ստեղծվելու են արագ արձագանքման խմբեր՝  «ծովային ցանկացած սադրանքի հակադարձելու համար»:
 
Ազովի ծովը երկու պետության սահմաններում է՝ Ուկրաինայի և Ռուսաստանի: Եվ ուրեմն ոչ մի կասկած, որ Ուկրաինան այնտեղ իր դիրքերն ուզում է ամրապնդել, որպեսզի «նեղի» Ռուսաստանին: Մանավանդ՝ ծովի ջրերը ողողում են նաև Ղրիմի թերակղզու ափերը, որն ընդհանուր պատմությամբ միջազգային ասպարեզ մտած այս երկու պետության համար այսօր կռվախնձոր է դարձել: 
 
Սա թերևս նշանակում է, որ առաջիկայում այնտեղ երկկողմանի սադրանքներ ու խարդավանքներ կլինեն, նորանոր մեղադրանքներ կհնչեն, որոնք էլ «միջազգային հանրությանն» առիթ կտան ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառել: Իսկ ՌԴ-ն, փոխանակ իրական ջանքեր գործադրելու, որպեսզի բարելավի հարաբերությունները համարյա նույն լեզվով խոսող ցեղակից պետության հետ, առայժմ կարծես ավելի շատ տարված է Թուրքիային սիրաշահելով ու նրա ջրաղացին ջուր ավելացնելով: