Ընդդիմադիրների արշավ՝ երկրի անվանափոխության դեմ

ՄԻ՞ԹԵ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐԸ ԵԱՏՄ-Ն ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԵՄ-ԻՑ

Մակեդոնիա անվան վերաբերյալ Հունաստան-Մակեդոնիա 25-ամյա վեճը, կարծես թե դեռևս չի լուծվում: Այդ նպատակով, ինչպես հայտնի է, Մակեդոնիայի արտգործնախարար Միկոլա Դիմիտրովն իր հույն գործընկեր Նիկոս Կոտզիասի հետ ստորագրեց մի փաստաթուղթ, ըստ որի նախկին Հարավսլավիայից առանձնացած այս նոր պետությունն այսուհետև կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Հունաստանի առարկությունը պայմանավորված էր նրանով, որ այդ հնագույն պետության կազմում արդեն կա Մակեդոնիա անունով մարզ:
 
Ընդ որում, երկու արտգործնախարարների ստորագրած փաստաթուղթը դժգոհությամբ ընդունվեց թե՛ Հունասատանում, թե՛ Մակեդոնիայում: Սեպտեմբերի 30-ին նշանակված է հանրաքվե, որով Մակեդոնիա պետության քաղաքացիները պետք է արտահայտեն նոր անվան նկատմամբ իրենց վերաբերմունքը: Փոփոխված անունը պետությանը հնարավորություն է տալիս մաս կազմել թե՛ Եվրամիությանը, թե՛ ՆԱՏՕ-ին: Իսկ ՆԱՏՕ-ի պաշտոնական հրավերը մեկ ամիս առաջ արդեն իսկ ուղարկվել է: Միայն թե Մակեդոնիայում այդ հանրաքվեի դեմ մի ամբողջ արշավ է սկսվել՝ այն ձախողելու նպատակով: 
 
Ռուսական «ՌԻԱ-նովստի»-ն այդ մասին զրուցել է «Միացյալ Մակեդոնիա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, հանրաքվեի ձախողման արշավի նախաձեռնող Յանկո Բաչևի հետ: Երկրի վարչապետ Զորան Զաևը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել համընդհանուր քվեարկությանը և խոստացել է հարգել քաղաքացիների ընտրությունը: Ի պատասխան՝ 28 քաղաքական շարժում և հասարակական կազմակերպություն՝ ներառյալ ամենախոշոր ընդդիմադիր ուժը, Սկոպյեում հուշագիր են ստորագրել, որով նշում են, թե ստեղծում են հանրաքվեի ձախողման արշավի շտաբ: 
 
Ուշադրության արժանի են նաև ռուսական լրատվամիջոցի հարցին պատասխանող Բաչևի ռուսահաճո շեշտադրումները. 
 
- Արդեն պարզ է, որ հանրաքվեն տապալվել է, որովհետև մակեդոնացիներն իրենց երկրի անունը փոխել չեն ցանկանում: Մակեդոնացիներն իրենց ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս չեն տեսնում, նրանք ուզում են ռազմավարական դաշինք Ռուսաստանի հետ և անդամություն Եվրասիական տնտեսական միությանը. միություն, որը կերաշխավորի մակեդոնական ժողովրդի և նրա պետության բարգավաճումը: 
 
Մակեդոնացի ընդդիմադիր կուսակցապետն ասել է, թե քաղաքացիների զանգվածային դիմադրությունը տագնապ է տարածել Մակեդոնիայի խորհրդարանում: 
 
- Դրա համար էլ Սկոպյեի խամաճիկային կառավարությունը որոշել է խորամանկության դիմել, և հանրաքվեն լինելու է ոչ թե պարտադիր, այլ խորհրդակցական,- հայտարարել է նա:
 
Այս նոր Մակեդոնիան սլավոնական պետություն է, և գուցե զարմանալի չէ, որ ապագա է տեսնում սլավոնական գերտերություն Ռուսաստանի կազմում՝ օրեցօր արաբներով և իսլամադավան այլ ժողովուրդներով լցվող Եվրոպայից  զատվելու համար: Միայն թե նույն Ռուսատանը հարյուրամյակ առաջ ստեղծեց ու հովանավորեց հարևանի անունը գողացած մեկ այլ պետական միավոր, որն այսօր Ադրբեջան անունով ՄԱԿ-ի անդամ է և հավակնություններ ունի ոչ միայն ամբողջ ՀՀ տարածքի նկատմամբ, այլև իրանական Ադրբեջանի: 
 
Հետաքրքիր է, գոնե քաղաքագետներն ունե՞ն այն հարցի պատասխանը, թե Հարավսլավիայից պոկվելուց հետո ինչու է սլավոնական այս հատվածն իրեն հունական մարզի անունով պետություն հռչակել: