Ուկրաինան Ռուսաստանի հետ փոխադրամիջոցներով հաղորդակցություն չի ուզում

Երևում է՝ Ուկրաինայում մտադիր են շուտով Ռուսաստանի հետ դադարեցնել բոլոր տեսակի փոխադրամիջոցներով հաղորդակցությունը: 2015թ. հոկտեմբերից երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է պաշտոնական Կիևի նախաձեռնությամբ, այժմ էլ խոսվում է երկաթգծային և ավտոբուսային երթուղիները վերացնելու մասին:
 
Օգոստոսի 7-ին Ուկրաինայի և ՌԴ-ի միջև ավտոբուսային հաղորդակցության դադարեցման օգտին հանդես է եկել Ղրիմում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Իզեթ Գդանովը (տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստին»): Ընդ որում՝ այս հարցն առաջին անգամ չէ, որ Ուկրաինայում արծարծում են: Մասնավորապես, 2017թ. դեկտեմբերին նման կոչով է հանդես եկել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը:  Իսկ երկու օր առաջ նույն նախարարը՝ Վլադիմիր Օմելյանը նախաձեռնել է քննարկում, որտեղ շոշափվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությանը վերջ տալը հարցը: 
 
Իհարկե, Ուկրաինան անկախ պետություն է հռչակված և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ  հաղորդակցության միջոցներ հիմնելու և վերացնելու իր ուզած երկրների հետ: Միայն թե երկու պետությունների թշնամական հարաբերություններից դարձյալ հասարակ մարդիկ շատ են տուժելու:  Տուժողների թվում են հաստատապես լինելու նաև այս երկու հետխորհրդային պետություններում մշտապես կամ ժամանակավորապես բնակություն հաստատած հայեր, որոնք շատ դեպքերում ազգակցական, ընկերական կամ գործարար հարաբերությունների մեջ լինելով՝ երրորդ երկրի միջոցով են հարաբերվելու: 
 
ՈՒ, թերևս, արժե այս ամենի մեջ մեզ համար նաև լավ կողմ տեսնել: Հնարավոր է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ հաղորդակցությունից օգտվելու հնարավորություն չունեցող հայերից շատերը իրար հանդիպելու գան Հայաստանում՝ այդ կերպ ավելի ամուր թելերով կապվելով հայրենիքին: