ԵՄ ճանապարհին զոհված ավելի քան 34 հազար փախստական՝ անուն առ անուն

«ԳԱՐԴԻԱՆԸ» ՑՈՒՑԱԿ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Ավելի քան 34 հազար մարդ փախստական դառնալով հարազատ երկրից՝ փորձել է հասնել Եվրամիության պետություններ, սակայն զոհվել է ճանապարհներին: Փախստականների միջազգային օրվա առթիվ հունիսի 20-ին նրանց ցուցակը հրապարակել է բրիտանական «Գարդիանը»: Նշվում է, որ ցուցակը կազմել է United for Intercultural Action ցանցը, որը միավորում է ավելի քան 550 կազմակերպություն: Դրանք բոլորը հանդես են գալիս ազգայնամոլության,  ռասիզմի, ֆաշիզմի և փախստականների նկատմամբ խտրականության դեմ:
 
56 էջանոց փաստաթուղթն ընդգրկում է 1993թ. այս կողմ ընկած ժամանակաշրջանը: Ելակետ է ընդունվել զաիրցի (այժմ Կոնգոյի ԺՀ) 24-ամյա փախստական Կիմպուա Նսիմբայի հետ կապված միջադեպը, երբ նրան կախված են գտել ժամանակավոր մեկուսարանում՝ Բեծ Բրիտանիա հասնելու հինգերորդ օրը: Պարբերականը նշում է, որ չնայած միջազգային ԶԼՄ-ները ներգաղթի ճգնաժամն ուշադրության կենտրոնում են պահում, սակայն նրանց հետ կատարված շատ դեպքեր այդպես էլ չեն փաստաթղթավորվում: Եվ իհարկե, շատ հնարավոր է, որ «Գարդիանի» հրապարակած ցուցակում բազմաթիվ անուններ չեն ընդգրկվել՝ փաստերի, վկաների բացակայության պատճառով:
 
Հետաքրքիր կլիներ այս ցուցակը կազմողներից տեղեկանալ, թե ինչ հաշվարկների մեջ են նրանք տեղավորում Ադրբեջանից հայ փախստականների ճակատագրերը: Չէ՞ որ 1993թ. այնտեղ արդեն հայ չէր մնացել:
 
Դե, իսկ ԵՄ պետությունների ղեկավարները շարունակում են անօրինական ներգաղթի հետ կապված ճգնաժամը հաղթահարելու լուծումներ որոնել: Հունիսի 28-29-ին պետությունների գլխավոր դեմքերը մտադիր են քննարկել մի հայեցակարգ, որը ենթադրում է բարեփոխել ներգաղթի համակարգը: Մասնավորապես մտածում են սահմանափակել երկրից երկիր տեղափոխվելու հնարավորությունը այն դեպքում, երբ մարդն արդեն պետություններից մեկում ապաստան է ստացել: Սա թերևս ենթադրում է մի իրավիճակ, երբ ընտանիքի մեկ անդամը կարգավիճակ է ստացել մի պետությունում, մյուսը՝ մեկ այլ, ուրեմն նրանք միասին ապրելու հնարավորությունից կզրկվեն: Գերմանիայի կանցլեր Մերկելին դրա համար քննադատեցին, իսկ թե ինչ կտա հայեցակարգի քննարկումը, դա էլ հետո կերևա:
 
Սրանից բացի՝ հայեցակարգը ենթադրում է Եվրամիությանը սահմանակից պետություններում ստեղծել կենտրոններ, որոնք կընդունեն ԵՄ երկրներում ապաստան ստանալու թեկնածուներին: Մտածում են՝ այդպես հնարավոր կլինի կազմակերպել այն անձանց կարգավորված մուտքը ԵՄ, ովքեր ապաստանի իրավունք կստանան: