Իրանում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հիմքեր չեն տեսնում

Երևում է` Միացյալ Նահանգների նախագահի հետ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը միջազգային որոշ շրջանակների հույսեր է ներշնչել, թե նույնը արդյունավետ կլինի նաև Իրանի պարագայում: Դրա համար էլ Իրանի կառավարությանը կոչեր են արվել ուղղակի բանակցություններ սկսել Սպիտակ տան հետ: Սակայն Իրանում դրա համար ոչ մի հիմք չեն տեսնում:

Ինչպես հաղորդել է ռուսական «ՌԻԱ-նովոստին», նման կոչերին արձագանքել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամադ Բեքեր Նոուբահտը: Նա ասել է, թե ո՛չ ամերիկյան վարչակազմի, ո՛չ էլ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ բանակցություններ վարելու հիմքեր չկան:

- Այդպիսի մարդու հետ բանակցելու հիմք չկա, իսկ այս պահին մենք բանակցություններ ենք վարում Եվրոպայի հետ,- ասել է Նոուբահտը:

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, թե Իրանի իշխանություններն ազգային անվտանգությունն ուրիշների հետ չեն քննարկում: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իրանը հայտարարել է մտադրության մասին` ստեղծել մի կենտրոնակայան, որի գործունեությունն ուղղված է լինելու ԱՄՆ քարոզչությանը հակազդելը:

Երկու օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել էր, որ այսօր աշխարհին սպառնացող գլխավոր վտանգը Մերձավոր Արևելքի հակամարտություններն են: Իրանի անունն էլ հատուկ շեշտել էր` որպես ընդհանուր կանոններին չհետևող երկրներից մեկը: Այս պարագայում, իհարկե, անչափ կարևոր է, որ համաշխարհային այնպիսի խաղացող, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, հաշվի առնի տարածաշրջանի առանձնահատկություններն ու մարտահրավերները և գործի հանուն խաղաղության: Եթե իհարկե՝ նման նպատակ ունի:

Միջուկազերծ աշխարհի գաղափարը, թերևս, ամենալավ հեռանկարն է, սակայն Իրանին անկյուն քշելով` մի՞թե հնարավոր է գոնե մոտենալ այդ նպատակին: Բարեբախտաբար` միջուկային համաձայնագրի կողմ մյուս հինգ պետություններն առայժմ ԱՄՆ-ի քայլերին չեն հետևում, և հենց դրա շնորհիվ է, որ Իրանը պահպանում է միջուկային ծրագրերը չշարունակելու իր խոստումը:

Եվ հետո, մի՞թե աշխարհը կարող է միջուկազերծ դառնալ, եթե ԱՄՆ-ը և մյուս միջուկային գերտերությունները գոնե նվազագույն չափով չեն զսպում իրենց ատոմային գործունեությունը: 

Ժամանակին  ԽՍՀՄ վերջին ղեկավար Գորբաչովը միակողմանի դադարեցրեց միջուկային փորձարկումները` հույս ունենալով, որ հակառակ ճամբարի երկրներն իր օրինակին կհետևեն: Սակայն ԱՄՆ-ն ու մնացած միջուկային պետությունները շարունակեցին ռազմապես հզորանալ, իսկ ԽՍՀՄ-ը տրոհվեց ու ներքաշվեց մինչ օրս անլուծելի հակամարտությունների մեջ: