Նախատեսվում է բանաձև՝ պաղեստինցիների օգտին

ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու առիթով ընդվզած պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները շարունակում են մնալ Միավորված Ազգերի Կազմակերպության ուշադրության առանցքում: Տասնյակ մարդկանց մահը և ավելի քան երկու հազարի վիրավորվելը Իսրայելի համար թեթև գլխացավանք է դարձել:
 
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իսրայելի դեմ բանաձևի ընդունումը հունիսի 1-ին արգելափակել էր Միացյալ Նահանգները, այժմ էլ միջազգային կազմակերպության Գլխավոր վեհաժողովի այսօրվա նիստին ներկայացվելիք բանաձևի նախագիծ է պատրաստվել: ՄԱԿ-ի ԳՎ նախագահի մամուլի քարտուղար Բրենդեն Վարման նախօրեին լրագրողներին հավաստիացրել է, թե Գլխավոր վեհաժողովը քվեարկելու է պաղեստինցիների պաշտպանության բանաձևի օգտին.
 
- Նիստն սկսվում է 15:00-ին  (Երևանի ժամանակով՝ 23.00)՝ անդամ պետությունների ներկայացուցիչների ելույթներով,  և հանդիպման ամենավերջում գործողությունների ենք սպասում բանաձևի նախագծի առնչությամբ:
 
Վարման ասել է, որ բանաձի նախագիծն արդեն հանձնվել է ՄԱԿ-ի քարտուղարություն: Ավելի վաղ ՄԱԿ-ում Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել էր, որ ներկայացվելիք փաստաթղթի տեքստը նման է այն մեկին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չէր ընդունվել: Իսկ ձախողված այդ փաստաթղթում դատապարտվում էր «Իսրայելի կողմից չափազանց ուժի կիրառումը պաղեստինցիների նկատմամբ»:
 
Բանաձևի նախագիծը, որը հարմարեցվել է Գլխավոր վեհաժողովի համար, «ափսոսանք է հայտնում Իսայելի կողմից Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ չափազանց, անհամաչափ և առանց ընտրության ուժի կրառման համար»՝ Պաղեստինի գրավված տարածքում՝ ներառյալ Երուսաղեմը և Գազայի հատվածը:
 
Փաստաթուղթն Իսրայելից պահանջում է «ձեռնպահ մնալ նման գործողություններից և պահպանել օրինական պարտավորությունները»: ՄԱԿ-ը նաև կոչ է անում «շտապ գործողություններ ձեռնարկել՝ անհապաղ, կայուն և լիովին վերահսկելի կրակի դադարեցում ապահովելու համար»
 
Փաստաթղթում Իսրայելին ուղղված մյուս կոչը վերաբերում է Պաղեստինի քաղաքացիական բնակչության անվտանգությունն և պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությանը դարձյալ «Պաղեստինի գրավված տարածքում և Երուսաղեմում՝ ներառյալ Գազայի հատվածը»:
 
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, շատ հնարավոր է, այս բանաձևն իրոք կընդունվի: Սակայն դա Իսրայելին որևէ չափով կհարկադրի՞ արդյոք  առավել խաղաղասեր դառնալ և հարգել պաղեստինցիների տարրական իրավունքները: Եթե միջազգային կառույցների բանաձևերը միշտ լիովին հիմնավորված լինեին (այնքան, որ իր «լվացքատանով» հայտնի Ադրբեջանի նման պետությունները փողով ու այլ միջոցներով ձայներ գնելով՝ իրենց օգտին բանաձևեր չհաջողացնեին) և իրոք ազդեցիկ լինեին, մի՞թե   աշխարհն այսօր այս վիճակում կլիներ: