Գաղթի առուները լայնահուն գետեր են դարձել
Միջերկրական ծովում ավելի քան 600 գաղթականներով ծանրաբեռնված փրկարարական նավի համար ամենադժվարը որևէ երկրի համաձայնությունն ստանալն է, որպեսզի իր փախստական ուղևորներին կարողանա ի վերջո ափ հանել:
Դեռևս կիրակի երեկոյան է «Ակվարիուս» նավը ցանկացել մարդկանց ափ դուրս բերել, սակայն Մալթայի ու Իտալիայի կառավարությունները իրենց համաձայնությունը չեն տվել: Մեկ օր անց՝ երեկ միայն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է ընդունել «Ակվարիուս» նավը՝ բոլոր 629 գաղթականներով հանդերձ: Նա հատկապես շեշտել է, որ հումանիտար ճգնաժամերի վերացումը միջազգային պարտավորությունների բաղադրիչ է:
- Մեր պարտականությունն է օգնել՝ խուսափելու հումանիտար աղետից և այդ մարդկանց «անվտանգ նավահանգիստ» առաջարկել՝ այդպիսով կատարելով միջազգային իրավունքի հանձնառությունները,- նշվում է Իսպանիայի վարչապետի տարածած հայտարարության մեջ:
Ըստ Սանչեսի՝ այդ նավի «նշանակման վայրը Վալենսիայի նավահանգիստն է»: Գործին անմասն չի մնացել նաև Մալթան, որի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է, թե իրենք փրկարարական նավին պարենով բեռ են ուղարկում:
- Մալթան թարմ պարեն է ուղարկում նավ: Մեզ հարկավոր է քննարկել, թե ինչպես կանխենք նման միաջադեպերն ապագայում,- «Թուիթերում» գրել է Մուսկատը:
Իսկ Իսպանիայի վարչապետին Մալթայի նրա պաշտոնակիցը շնորհակալություն է հայտնել, որ նավն ընդունել են իրենց նավահանգստում:
Այս ամենից առաջ Փախստականների գործերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչությունը «շահագրգիռ կառավարություններին» կոչ էր արել գաղթականներին թույլատրել ափ իջնել:
Ըստ տարածված տեղեկությունների՝ ոչ կառավարական SOS Mediterranee կազմակերպության Aquarius նավում 629 մարդ կա, այդ թվում՝ 100-ից ավելի երեխաներ: Խոսքը այնպիսի մարդկանց մասին է, ովքեր ավելի վաղ աղետի էին ենթարկվել Սիցիլական նեղուցում և փկրվել մի քանի նավակներով: SOS Mediterranee կազմակերպությունում հայտնել են, որ նավի վրա գտնվող փախստականներից 123-ը դեռահասներ են, որոնց ոչ մի մեծահասակ չի ուղեկցում, կան նաև 11 մանկահասակ երեխա և յոթ հղի կին:
Նավում գտնվող մի լրագրող՝ Անելիզ Բորժը, «Թուիթերում» գրել է, որ դեռահասները 13-ից մինչև 17 տարեկան են և փախել են Էրիթրեայից, Գանայից, Նիգերիայից, Սուդանից:
Մինչ աշխարհի «մեծերը» իրար հետ անպտուղ բանակցություններ են վարում, իրար նկատմամբ պատժամիջոցներ կիրառում ու պատերազմներ վարում՝ ոչ մի չափով չավելացնելով բարին աշխարհի վրա, նրանց անխոհեմ, իսկ գուցե նաև հանցավոր որոշումների զոհերը զուրկ են մնում ամենատարրական պայմաններից: Մտածելն իսկ սարսափելի է, թե այդ 629 մարդիկ ինչպես են շարունակելու իրանց կյանքը:
«Տեսարանը», իհարկե, հայերիս համար նորություն չէ: Միայն թե նոր սոսկում է առաջ բերում այն մտահոգությունը, որ անցած 100 տարում մարդկությունը ոչ միայն ավելի մարդասեր չի դարձել, այլև գաղթի ու տարագրության նախկին առվակները վերածել է հորդահոս ու լայնահուն գետերի: Այն էլ՝ թունավոր թափոններով աղտոտված: