«Պերմանենտ» արտակարգ դրության օրենք՝ Ադրբեջանի համար

ԻՍԿ ԵՎՐՈՊԱ՞Ն ԻՆՉ Է ԱՍԵԼՈՒ

Հիմա արդեն Ադրբեջանը հանգիստ կարող է թե՛ խոսքի ազատությունը սահմանափակել, թե՛ ցույցերն ու հանրահավաքներն արգելել, իսկ միջազգային կառույցներին այս օրենքը դեմ տալ: Չէ՞ որ ըստ իրենց՝ Ադրբեջանի մի հատվածն օկուպացված է, այնտեղ առանց իրենց թողտվության այցելող արտասահմանցիներն էլ սահմանախախտներ են: Ըստ էության՝ հող են նախապատրաստում այդ երկրում «պերմանենտ» արտակարգ դրություն մտցնելու համար, որպեսզի ոչ ոք չկարողանա թպրտալ: Հետաքրքիր է, թե այս խորամանկության դիմաց ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագով Եվրոպան ի՞նչ հակամիջոցներ կգտնի: Եթե իհարկե՝ դրանով իսկապես հետաքրքրված է:

 

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ հարուցած 11 գործով երեք վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը 2013թ. հունվարին, մարտին և դեկտեմբերին, նաև 2014թ. մայիսին Բաքվում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ առանց հիմնավորման ձերբակալված կամ տուգանված անձանց բողոքների հիման վրա հարուցված դատական գործերի մասին է: Եվրադատարանը հաստատաված է համարել, որ Ադրբեջանի իշխանությունները խախտել են հավաքների ազատության և արդար դատավարության իրավունքները, նաև չեն հիմնավորել բողոքի գործողությունների ցրման և մասնակիցներին պատժելու համար ունեցած հիմքերը: Դատարանը որոշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են տուժածներին բարոյական փոխհատուցում վճարել 4000-8000 եվրոյի չափով, իսկ դրամական տուգանքի ենթարկվածներին փոխհատուցել համապատասխանաբար 480 և 850 եվրոյի չափով: 

Ամբողջ աշխարհին խշխշան թղթադրամներով կաշառող Ադրբեջանը, թերևս, այս դեպքում այնքան էլ հաճույքով չի գրպանները բացելու, ախր դրամը հոսելու է ոչ այնտեղ, որտեղ իրենց սին փառքը պետք է շողշողա:  Սակայն այդ հաղորդագրության համապատկերին ուշագրավ է դառնում մեկ այլ տեղեկություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն ստորագրել է «Ռազմական դրության մասին» 2017թ. փետրվարին ընդունված օրենքը: Այն նախատեսում է երկրի ողջ տարածքում կամ դրա առանձին հատվածներում ռազմական դրության հայտարարում և երկարաձգում: Օրենքը հիմնավորում է նաև ռազմական դրության հայտարարման պատճառներն ու նպատակները: Նշվում է, որ ռազմական դրություն կարող է հայտարարվել հանրապետութան ինչ-որ մասի փաստացի օկուպացիայի, արտասահմանյան պետության  կողմից Բաքվին պատերազմ հայտարարելու, Ադրբեջանի վրա հարձակման իրական սպառնալիքի առաջացման, երկրի որոշակի մաս շրջափակելու կամ շրջափակման մասին հայտարարելու դեպքերում: 
Նշված օրենքի համաձայն՝ ռազմական  դրության դեպքում գրաքննություն է կիրառվում: Դրա համաձայն՝ ԶԼՄ-ների նյութերը պետք է համաձայնեցվեն պետական ռազմական գերատեսչությունների և մարմինների հետ, պետք է վերահսկողություն սահմանվի նամակագրությունների, հեռարձակումների, հեռախոսային և ռադիո բանակցությունների վրա, որպեսզի կանխվի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը: