Պողպատե նյարդեր՝ հետևելու համար ԱՄՆ-ԿԺԴՀ վեհաժողովի զարգացումներին

Անցած շաբաթ չեղարկված՝ ԱՄՆ-ԿԺԴՀ վեհաժողովի մասին մխիթարական լուրերը համաշխարհային մամուլի էջերից չեն իջնում:
 
Հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը չեղարկելուց հետո Ամերիկայի նախագահը հենց հաջորդ օրը հայտարարեց, թե վերստին պատրաստ է բանակցությունների ԿԺԴՀ առաջնորդի հետ: Դրան հաջորդեց Հյուսիսային Կորեայի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Կիմ Կե Գվանի հաղորդագրությունը, թե ԿԺԴՀ-ն պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ցանկացած ձևաչափով վեհաժողով գումարել:
 
Այժմ արդեն երկու երկրների հարաբերություններն այնտեղ են հասել, որ գալիք հանդիպումը կազմակերպելու նպատակով մայիսի 30-ի երեկոյան Նյու-Յորք է ժամանել ԿԺԴՀ հանձնակատարը: Այնպես որ՝ հենց հունիսի 12-ին չի բացառվում վեհաժողովի կայացումը: 
 
Միավորված ազգերի կազմակերպությունում ևս այդ իրադարձությունը սրտին մոտ են ընդունում: Չէ՞ որ Կորեական թերակղզու միջուկազերծումը և Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի խաղաղասիրական ծրագրերի իրագործումը ամբողջ աշխարհի օգտին կլինի: ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների վահաժողովին աջակցելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել ՄԱԿ-ը, որի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը  հայտարարել է՝
 
- Մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ կանենք, որպեսզի նպաստենք այդ գործընթացին: 
 
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ը սևեռուն ուշադրությամբ հետևում է վեհաժողովի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
 
- Գլխավոր քարտուղարը պարզորեն հասկացրել է, որ ինքը մեծագույն կողմնակիցն է հանդիպման, որը, ինչպես մենք ենք հույսեր փայփայում, տեղի կունենա նախագահներ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև,- շեշետել է նա: 
 
Այդուհանդերձ, Դյուժարիկը նկատել է, թե վերհիշելով վերջին մի քանի օրերի իրադարձությունները՝ հասկանում է, որ  բոլորին պողպատե նյարդեր են հարկավոր, և իրենք հույս ունեն, որ վեհաժողովը տեղի կունենա, և տեղի կունենա ճիշտ հանգամանքներում:
 
Իսկ ճիշտ հանգամանքներ ասելով՝ պետք է հասկանալ փոխընբռնման մթնոլորտ, մոլորակի հեռավորարևելյան հատվածի լարվածության թոթափում, իրական քայլ՝ միջուկազերծ աշխարհի ստեղծման ճանապարհին: Դաժան պատժամիջոցները, որոնց հատկապես վերջին տարին ենթարկվել է Հյուսիսային Կորեան, նրան մղել են առավել զիջող դիրք գրավել, սակայն դա դեռևս չի նշանակում, թե այնտեղ պատրաստ են ցանկացած ստորացուցիչ պայմանի: Միացյալ Նահանգներն էլ արտաքուստ այնպիսի անզիջում պահվածք է դրսևորում, որ ՄԱԿ-ում արտահայտված մտահոգությունները լիովին արդարացի են թվում: