Հայաստանը` կամուրջ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև

ՏԱՍՍ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Թավշյա հեղափոխություն որակված իրադարձությունը միանգամից Հայաստանի վրա սևեռեց ամբողջ աշխարհի ուշադրությունը: Մեր «ռազմավարական գործընկեր ու բարեկամ» Ռուսաստանում նույնպես սկսեցին արձագանքել նույնիսկ մանրուք թվացող երևույթներին:

Սակայն, անշուշտ, մանրուք չէ ու մանավանդ Ռուսաստանի համար շատ կարևոր է այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի արտործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Երևանում հանդիպման ժամանակ մեր երկիրը կամուրջ են համարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև: Ուստի պատահական չէ, որ ռուսական մամուլն անմիջապես տարածել է այդ միտքը:

Ռուսական ՏԱՍՍ-ն իր լուրը վերնագրել է «Սարգսյանն ու Լե Դրիանը Հայաստանը կամուրջ են համարում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»: Իսկ գործակալության թղթակիցը Երևանից հաղորդել է.
«Հայաստանը կամուրջ է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև: Այդ մասին մայիսի 28-ն հայտարարել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը»:

- Հայաստանը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կամրջի դեր ունի, ինչը նոր հնարավորություններ է բացում արտասահմանցի գործարարների ու ներդրողների համար,- ընդգծել են կողմերը:

Ֆրանսիայի արտգործնախարարը նաև նշել է, որ միջազգային արդի հարաբերությունների պայմաններում Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է: Նա Ա. Սարգսյանին ողջույններ է հաղորդել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, ով աշնանը մտադիր է Հայաստան այցելել:

Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է ու նաև համապարփակ և ընդլայնված համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հավատարիմ են մնում Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրար չեն հակասում:

Գուցե պատահական չէ, որ մայիսի 28-ի տոնական օրը Երևանում շեշտվել է Հայաստանի կամրջող դերը: Չէ՞ որ հին ու միջնադարյան աշխարհում Հայաստանն այդ դերը պատվով է կատարել: Անգամ վերջին հարյուրամյակների ընթացքում, երբ չի եղել անկախ պետություն և շատ թե քիչ ապահովություն` աշխարհով մեկ ցրված հայ վաճառականները տարբեր պետությունների, կազմավորումների միջև և՛ տնտեսական կապ են ապահովել, և՛ դեսպան ու բանագնաց դարձել:

Որքան էլ տարօրինակ է, սակայն նույն օրը Եվրոպայի ու Ռուսաստանի միջև կամուրջ դառնալուց է խոսել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը («Ֆայնենշլ թայմսին» տված հարցազրույցում): Իսկ սա նշանակում է, որ բաժանարար գծերը մարդկանց արդեն հոգնեցրել են, և ժամանակն է կամուրջներ ձգել: Իսկ ավելի հնամյա ու փորձառու «կամուրջ», ինչպիսին մոլորակի անթիվ խաչմերուկների հատման կետում գոյատևող Հայաստանն է` դժվար է գտնել: