ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ զինված բախումների հետևանքները մեղմելու մասին

Հզոր պետություններն իրենց բյուջեների զգալի մասն ապահովում են մահաբեր զենքերի վաճառքից, որոնք ձեռք բերելու համար որոշ ուժեր ո՛չ գումարներ են խնայում, ո՛չ էլ օրինական կամ ապօրինի կապեր: Հենց միայն այն հանգամանքը, որ ահաբեկչական խմբավորումների ձեռքին այսքան հզոր զինատեսակներ են հայտնվում, պերճախոս վկայությունն է, որ այսպես շարունակելը համամոլորակային աղետ կբերի: Դա չեն կարող չնկատել նաև միջազգային կառույցներում, որոնք գոնե խոսքով ու որոշակի քայլերով փորձում են դրա առաջն առնել: Մայիսի 22-ին խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
 
Կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱԽ-ում առաջարկել է ձեռնարկել մի շարք որոշակի քայլեր, որոնք նրա կարծիքով՝ հնարավորություն կտան զինված բախումների դեպքում կրճատել զոհերի թիվը խաղաղ բնակիչների շրջանում: Նրա հանձնարարականներից մեկն է՝ դադարեցնել զենք մատակարարել այն երկրներին, որոնք խախտում են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը:
 
Գլխավոր քարտուղարը հրապարակել է ՄԱԿ-ի ձեռք բերած տվյալները, որոնց համաձայն այսօր մարդասիրական օգնության կարիք ունի 128 մլն մարդ, իսկ ավելի քան 65 մլն մարդ հակամարտությունների պատճառով զրկվել է տունուտեղից:
 
- Անցած տարի ՄԱԿ-ը 26 հազար մարդու զոհվելու և վիրավորվելու դեպքեր է արձանագրել հակամարտությունների մեջ ներքաշված վեց երկրում՝ Աֆղանստանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Սոմալիում և Եմենում,- նշել է Գուտերեշն ու շեշտել, որ դրա կեսից ավելին միայն Աֆղանստանում է եղել: 
 
Որոշակի հանձնարարականներ տալով՝ Գուտերեշն ասել է, թե դրանք հնարավորություն կընձեռեն վերջ տալ անպատժելիության մթնոլորտին, որը բնորոշ է արդի հակամարտություններին: 
 
Միջազգային կառույցի ղեկավարը Անվտանգության խորհրդին ու նրա անդամ բոլոր պետություններին կոչ է արել լրջորեն կշռադատել այս գործնական միջոցառումները և հատկապես նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների միջև առկա քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն, որ նրանք քաղաքացիական անձնաց պաշտպանելու քայլեր ձեռնարկեն: 
 
- Սա կենսականորեն անհրաժեշտ է կյանքեր փրկելու համար, ինչպես նաև նրա համար, որ մենք մարդ մնանք,- ասել է Գուտերեշը:
 
Նրա նշած ցանկում, ճիշտ է, մեզ ոչնչացնելու միտված պատերազմ վարող Ադրբեջանը չկա, սակայն երբ խոսվում է անպատժելիության վտանգների, մարդու և միջազգային մարդասիրական իրավունքները խախտելու անթույլատրելիության մասին, անհնար էր չհիշատակել այդ պետությունը: 
 
Ստացվում է՝ միջազգայինները կամ անտեղյակ են ադրբեջանական վայրագություններից (ինչը գործնականում անհնար է), կամ չեն ուզում դատապարտել ու կանխել նրա ռազմատենչությունը: Պատճառների մասին ենթադրությունները դարձյալ դեպի նավթադոլարներ են տանում: