Դամասկոսն ու նրա ամբողջ շրջակայքը մաքրվել են գրոհայիններից

Երեկ բազմաթիվ լրատվամիջոցներ ավետեցին, որ Սիրիան ամբողջովին դուրս է մղել ԻՊ-ի ուժերին և լիովին վերականգնել Դամասկոսի վերահսկողությունը:
 
Մի քանի տարի առաջ նույն լրատվամիջոցները հաղորդում էին, թե ամբողջ Դամասկոսում գոնե մեկ անվնաս շինություն չի մնացել, և արդեն թվում էր՝ Սիրիայի մայրաքաղաքն այլևս չի կարողանա իր դերը կատարել: Ինչպես BBC News-ն է նշել՝ վեց տարվա ընթացքում առաջին անգամ Դամասկոսն ամբողջովին մաքրվել է ահաբեկիչներից:
 
- Դամասկոսը, նրա շրջակայքն ու արվարձանները, մոտակա քաղաքներն ամբողջությամբ ապահով են՝ շնորհիվ մի շարք բուռն և հետևողական ռազմական գործողությունների,- պետական հեռուստաալիքով ելույթի ժամանակ ասել է Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարի խոսնակ Գեն Ալի Մայհոուբը:
 
Սիրիայի մայրաքաղաքի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը եղել է Էլ Հաջար Էլ Ասվադում տեղակայված փախստականների ճամբարը, որի ազատագրումից հետո կառավարական ուժերը տարածել են այս հայտարարությունը: Իսկ մի խումբ ջիհադականներ ավտոբուսով տեղափոխվել են Արևելյան Սիրիա:
 
Ցավոք՝ սա դեռևս չի կարող նշանակել, թե Սիրիայում ավարտվեց արդեն 7 տարի շարունակվող պատերազմը: Այնտեղ բախվում են գերտերությունների ու տարածաշրջանի պետությունների շահերը, իսկ արդի աշխարհում բոլոր վարչական միավորներին իրավունք է վերապահվում սեփական շահը վկայակոչել՝ անգամ ամենամարդատյաց ծրագրեր իրականացնելիս: Այլ հարց է, թե աշխարհում «եղանակ ստեղծող» պետություններն ու նրանց ձեռքին հաճախ խաղալիք դարձող միջազգային կառույցները դրանցից որին հավանություն կտան, որը կհռչակեն հանցագործություն ընդդեմ համայն մարդկության: Աշխարհի հզորերի ձեռքին մանրադրամի վերածված հայոց մեծ ողբերգությունը դրա վառ ապացույցն է: