Հերթական մեղադրանքը Սիրիայի հասցեին
ԴԱՄԱՍԿՈՍԸ ԴԱ «ՁԱՆՁՐԱԼԻ ԵՎ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ» Է ՈՐԱԿԵԼ
Սիրիայի շուրջը դարձյալ քիմիական զենքի կրքեր են բորբոքվել, որոնք պաշտոնական Դամասկոսից որակվել են որպես «ձանձրալի և անարդյունավետ»: Ապրիլի 7-ի առավոտյան Սիրիայի կառավարական ուժերը գրոհ են ձեռնարկել` ազատագրելու ընդդիմության վերջին օջախ Դումա քաղաքը:
SANA գործակալությունը պարզաբանել է, որ հարձակումները վերականգնվել էին, որովհետև այլ կազմավորումների հետ տարաձայնությունների պատճառով «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման գրոհայինները գնդակոծել էին հումանիտար միջանցքով Դումայից դուրս եկող խաղաղ բնակչությանը: Նույն օրը Reuters-ը տեղեկություն է տարածել, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը Դումայի խաղաղ բնակիչների վրա թունաքիմիկատներով ռումբ են նետել:
Ըստ այդ տեղեկությունների` քաղաքի հիվանդանոցի և նրան կից շինության վրա երկու անգամ քիմիական ռումբ է նետվել, զոհվել է 35, BBC-ի փոխանցմամբ` 70 մարդ: ԱՄՆ Պետքարտուղարությունն անմիջապես հայտարարել է, թե գերատեսչության ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Սիրիայի կառավարական ուժերի կողմից խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին տեղեկություններին: Իսկ եթե այս միջադեպն իսկապես կապված է մահաբեր քիմիական նյութերի հետ, ապա տեղի ունեցածի պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում: Նախագահ Թրամփն էլ կատարվածի համար մեղավոր է համարել ՌԴ-ին, Իրանին և Ասադին ու խոստացել է, որ դրա համար նրանք բարձր գին են վճարելու:
- Սիրիայում տեղի ունեցած անիմաստ քիմիական հարձակման հետևանքով շատերն են մահացել, այդ թվում` կանայք ու երեխաներ: Վայրագության թիրախը Սիրիայի բանակի կողմից շրջափակված տարածքն է: Ռուսաստանի նախագահ Պուտինը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Մեծ գին են վճարելու: Եվս մեկ մարդկային աղետ, որը տեղի ունեցավ առանց պատճառի,-Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Եվրամիության երկրները արդեն իրենց համերաշխությունն են հայտնել ԱՄՆ մեղադրանքներին, իսկ 9 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լեհաստան, Նիդեռլանդներ, Շվեդիա, Քուվեյթ, Պերու և Կոտ-դ’Իվուար) պահանջով ապրիլի 9-ին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ է կհրավիրվի: Քիմիական գրոհ կազմակերպելու մեղադրանքները հերքել են թե՛ ՌԴ-ն, թե՛ Սիրիան, իսկ Սիրիայի արտգործնախարարությունը ՍԱՆԱ ազգային գործակալության միջոցով հաղորդագրություն է տարածել.
- Քիմիական զենքի կիրառման մասին հայտարարություները դարձել են ձանձրալի և անարդյունավետ գործընթաց, բացառություն են մի շարք երկրներ, որոնք առևտուր են անում խաղաղ բնակչության արյամբ և աջակցում են ահաբեկչությանը Սիրիայում:
Սիրիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ քիմիական զենքի մասին տեղեկությունները ջրի երես են ելնում ամեն անգամ, հենց որ սիրիական բանակն սկսում է ահաբեկիչների դեմ հաջող գործողություններ վարել: Այժմ էլ նպատակը Դամասկոսի մերձակա Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում ահաբեկիչների կյանքի տևողությունը երկարաձգելն է:
- Ղուտայում ահաբեկչական խմբավորումները նախօրոք ծրագրել են քիմիական զենք կիրառել, դրա մասին տեղեկությունը հաղորդվել է ու հաստատվել, և Սիրիայի ղեկավարությունը զգուշացրել է այդ մասին,- նշել են արտգործնախարարությունում:
Արդեն ապրիլի 8-ի երեկոյան լրատվամիջոցները տարածում էին Դումայից բոլոր գրոհայինների դուրս գալու մասին: Սիրիայի կառավարական ուժերի հետ պայմանավորվելուց հետո նրանք պետք է «առաջիկա մի քանի ժամվա ընթացքում» երկու խմբով քաղաքից դուրս գային և տեղափոխվեին Սիրիայի հյուսիս: