Էրդողանը պատրաստ է անդուլ աշխատել
ԱՅՆ ԷԼ` ՀԱՆՈՒՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել: Դրա արդյունքներից մեկը եղել է Թուրքիայում առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկը, որի արարողությանը երկու երկրների նախագահները մասնակցել են տեսակապով:
Թուրքական «Աքքույու»-ն BOO նմուշի (build-own-operate` կառուցիր-տեր կանգնիր-շահագործիր) աշխարհում առաջին ատոմակայանն է լինելու։ Սա նշանակում է, որ Ռուսաստանն այն կկառուցի, տիրություն կանի և կշահագործի: Ըստ ստորագրված միջկառավարական համաձայնագրի` բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է պատկանի ռուսական ընկերություններին, մնացած 49%-ը կարող են վաճառվել արտաքին ներդրողներին։
Պուտինի այցի մասին Էրդողանի գնահատականերն են տարածել ռուսական լրատվամիջոցները: Թուրքիայի նախագահին, պարզվում է, ամենաշատը մտահոգում են տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը, ուստի նա հույս է հայտնել, թե երկու երկրներն այսուհետև նույնպես կշարունակեն այդ ուղղությամբ լարված աշխատել: Անկարայում ընթացող` բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում, որը նախագահել են Էրդողանն ու Պուտինը, հյուրընկալ երկրի առաջնորդը նախ և առաջ իր ռուս գործընկերոջը վերստին շնորհավորել է նախագահ վերընտրվելու առթիվ, ապա նշել, որ նիստից առաջ իրենք արդեն բանակցություններ են վարել:
- Տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը վերականգնելու ուղղությամբ մեր լարված աշխատանքը կշարունակվի: Ցանկանում եմ, որ մեր բոլոր հանդիպումներն օգտակար լինեն ամբողջ տարածաշրջանի համար: Մենք հենց նոր ենք ավարտել տետ-ա-տետ ձևաչափով մեր բանակցությունները թանկագին բարեկամ Պուտինի հետ և կարծիքներ ենք փոխանակել շատ հարցերի վերաբերյալ` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային, - ասել է Էրդողանը:
Հիմա արդեն տարածաշրջանը կարող է հանգիստ շունչ քաշել` զենք ու զորքով այնտեղ գործողություններ վարող երկրների նախագահները օրուգիշեր մտածում են նրա կայունության ու խաղաղության մասին: Ու դրա համար ոչ մի ջանք չեն խնայում: Մանավանդ` նույն հանդիպման շրջանակներում համաձայնություն է կայացվել նաև Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու վերաբերյալ: Հարևան Սիրիայից տարածք գրավելն ու այն թրքաբար թալանելն էլ առավել քան խոսուն է:
Նույն օրվա` ապրիլի 3-ի երեկոյան Անկարա է ժամանել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Լրատվամիջոցները նշում են, որ նա ժամանել է` Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հետ քննարկելու Սիրիային առնչվող զարգացումները:
Թե տարածաշրջանին ի՞նչ կտա երեք տերությունների ղեկավարների հանդիպումը` շուտով կերևա: Բայց քանի որ ոչ մեկը չի կասկածում, որ նրանցից յուրաքանչյուրին սոսկ սեփական շահն է գործողության մղում` դժվար է ակնկալել, որ նրանց բանակցությունները շահեկան կլինեն տարածաշրջանի իրական «շահառուների» համար: