Անաչառ ընտրության երաշխիք

ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԸՆՏՐԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՎ

Համացանցն ու նորագույն տեխնոլոգիաներն ուղղակի ներխուժել են մարդու կյանք և օրեցօր նորանոր բնագավառներ են «նվաճում»: Կարծես թե արդեն հերթը հասնում է նաև պետություններում տեղի ունեցող ամենատարբեր կարգի ընտրություններին:
 
Պարզապես ինչ-որ պետություն պետք է խիզախեր այդ գործում առաջինը լինել, և այդ խիզախն արդեն հայտնվել է: Հնարավոր է՝ Արևմտյան Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունը պատմության մեջ մնա հենց իր այդ փորձով. այնտեղ առաջին անգամ նախագահական ընտրության գործընթացն ամբողջովին իրականացվել է համացանցի միջոցով:
 
1,7 մլն բնակչություն ունեցող և միայն 1961թ. գաղութատիրությունից ազատագրված Սիերա Լեոնեում նման քվեարկության կազմակերպիչները հայտնել են, որ դրա շնորհիվ երկրի նախագահի ընտրութան գործընթացը դարձել է ազնիվ ու թափանցիկ, իշխանություններն էլ հնարավորություն են ստացել դրան առնչվող ծախսերը կրճատել, քանի որ քվեաթերթիկներ տպագրելու անհրաժեշտությունը վերացել է (հաղոդել է TechCrunch-ը):
Ըստ տեղեկատվության աղբյուրի՝ այս ընտրություններին մասնակցել է Սիերա Լեոնեի ընտրողների 70%-ը: Արգելափակման (blockade) եղանակով գործող քվեարկության ընթացակարգը ապահովել է քվեարկողի անձի գաղտնիությունը, սակայն քանի որ բոլոր քվեարկություններն արձանագրվել են, ընտրությունների ավարտից հետո ամեն ցանկացող կարող է այդ տեղեկություններն ուումնասիրել: Նաև նշվել է, որ արգելափակման եղանակով քվեարկության աշխատակարգը մշակել է «Ագորա» ընկերությունը: 
 
Կասկած չկա, որ Սիերա Լեոնեի այս փորձը շատերին կհետաքրքրի և մի լավ կուսումնասիրվի: Արդի ժամանակներում նորագույն տեխնոլոգիաները կայծակնային արագությամբ են տարածվում, ուստի հնարավոր է, որ առաջիկայում աշխարհի պետությունները մեկը մյուսի հետևից սկսեն այն կիրառել ու կատարելագործել: Բնականաբար, որոշները կատարելագործել ասելով կհասկանան կեղծիքների մեխանիզմներ ներմուծելը, սակայն ինչ արած՝ մարդու գիտակցությունը դեռևս չի հասել այնպիսի մակարդակի, որ կյանքն առանց ստի, կեղծիքի ու խեղաթյուրումների պատկերացնի: 
 
Իսկ համացանցով համապետական ընտրությունները նաև այն առավելությունը կունենան, որ չեն առանձնացվի ու կահավորվի բազմաթիվ ընտրատեղամասեր, չեն առաջանա քվեարկողների կուտակումներ, ու մանավանդ՝ իր քվեն տալու կկարողանա նաև տնից դուրս գալու հնարավորությունից զուրկ ընտրողը: Պետությունների իշխանություններին կմնա ուղղակի համացանցը հասանելի դարձնել բոլորին ու հոգալ, որ ամեն ընտրող հեռախոսից, համակարգչից ու նման այլ սարքերից  օգտվելու հնարավորություն ստանա: 
 
Համացանցային ընտրությունների ընդդիմախոսները, թերևս կասեն, թե սա կվերացնի մարդկային կենդանի, դեմառդեմ շփումների ևս մի ասպարեզ, ու ընտրողի թե՛ համախոհը, թե՛ ընդդիմախոսը կմնա լոկ նրա ձեռքի տակ եղած քվեարկող սարքը է: Բայց խոսքը միայն քվեարկության մասին է, ինչը չի նշանակում, որ նախընտրական քարոզարշավն ու  հետընտրական գործընթացները նույնպես լոկ համացանցում կընթանան: