Լեհաստանում աշխատուժի պակաս կա

ԲԱՅՑ ԲՈԼՈՐԻՆ ՉԷ, ՈՐ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հետխորհրդային երկրների աշխատանքային շուկաներում տիրող իրավիճակը շատերին է ստիպում ապրուստի միջոցներ փնտրել դրսի աշխարհում, ավելի շատ՝ Եվրոպայում:

Մայդանում արդար ու ապահով կյանքի որոնումները ուկրաինացիներին կարծես թե շատ բան չտվեցին: Այս երկրից նույնպես մարդիկ զանգվածաբար հեռանում են` աշխատանք որոնելու նպատակով: Ռուսական «Վեստին», թերևս` որոշ չարախնդությամբ, ազդարարում է, որ ուկրաինացիները երկրից փախչում են. ընդ որում՝ հեռանում են դեպի Արևմուտք: Հենց միայն Լեհաստան տարեկան մոտ 300 հազար ուկրաինացի աշխատանքային ներգաղթյալ է մուտք գործում:

Այն փաստը, որ Կիևից ընդամենը 500 կմ հեռավորությամբ լեհական սահմանից այն կողմ աշխատողների միջին աշխատավարձը 5 անգամ ավելի է, քան հարազատ Ուկրաինայում` կարող է ամեն ինչ բացատրել: Աղբյուրը նշում է, թե վերջին սոցհարցումների համաձայն՝ ուկրաինացիների 85%-ը դժգոհ է սեփական վաստակից: Մինչդեռ   Լեհաստանում աշխատողը նվազագույնը վաստակում է ամսական 2100 զլոտի (հայկական արժույթով՝ համարյա 300 000 դրամ): Ի լրումն սրա՝ լեհական աշխատաշուկան աշխատողների խիստ կարիք ունի:

Այս երկրի Կենտրոնական բանկում ենթադրում են, որ 2050թ. աշխատաշուկայի այդ պակասորդը 10,5 մլն մարդուց ավելի կլինի: Թվում է՝ եղբայր սլավոնական երկրի աշխատաշուկայում ու հասարակության մեջ ուկրաինացիները պետք է իրենց լավ զգան, լեհերն էլ գոհ լինեն, որ աշխատատեղերը թափուր չեն մնում:

Լեհական սոցհարցումների տվյալները, սակայն, բազմաթիվ խնդիրներ են արձանագրել: Ըստ տեղական ԶԼՄ-ների հրապարակումների՝ լեհերի ջերմ վերաբերմունքի առաջին հասցեատերը չեխերն են, որոնց հաջորդում են իտալացիները, ամերիկացիները, բրիտանացիները, սլովակները և հունգարացիները: Իսկ ահա ուկրաինացիների նկատմամբ լեհերի 40%-ը բացահայտ հակակրանք է հայտնել:

Սա բացատրվում է թե՛ Լեհաստանում, թե՛ Ուկրաինայում տիրող ազգայնամոլական տրամադրություններով: Հիշեցնենք, որ վերջերս Լեհաստանում ընդունված նոր օրենքի համաձայն լեհերի դեմ ուկրաինական ազգայնամոլների հանցանքները ժխտելը պատժվում է երեք տարի ազատազրկմամբ կամ տուգանքով: Ուկրաինան դա սվիններով ընդունեց, բողաքի բազմաթիվ ցույցեր եղան, ինչն էլ իր հերթին զայրացրեց լեհական կողմին:

Ամսական 300 000 դրամին համարժեք նվազագույն աշխատավարձը, բնականաբար, շատ նպաստավոր պայման է աշխատանքային ներգաղթի համար, սակայն հենց միայն հանուն բանող ձեռքերի երկիրդ ամեն կարգի մարդկանցով լցնելը ոչ մի լավ բան չի տա: Պատահական չէ, որ լեհական Սեյմի խոսնակն իր երկիրը համեմատել է Գերմանիայի հետ, որն այժմ Սիրիայից ներգաղթածների հեղեղով է ողողված:

Այս ամենից հայերս նույնպես քաղելու դասեր ունենք: Հայաստանցիները ևս դրսի աշխարհում են աշխատանք փնտրում: Հայտնի չէ, թե Լեհաստանում հրապարակված այս համակարանք-հակակրանքի վարկանիշում մեր ազգն ի՞նչ տեղ ունի: Միջնադարում այնտեղ մեծ թվով հայեր են արտոնություններ ստացել ու ձուլվել: Նրանցից շատերն իրենց արմատների մասին հիշողություններ են պահպանել: Եվ այն հանգամանքը, որ այստեղ հրապարակված համակրանքի վեցյակում հայերը հիշատակված չեն, պետք է որ հուշի՝ այսօրվա հայը դրսի աշխարհում իր լավագույն հատկանիշներով չէ, որ դրսևորվում է: