Փորձության է ենթարկվում մոլորակի ամրությունը

Աշխարհի քաղաքական ուժերի բախումների կիզակետում այժմ ամենաթեժը Երուսաղեմի մայրաքաղաքության հարցն է: Դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կայացած` Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթնաժողովում արվել են հայտարարություններ, որոնք  նոր հուն են տեղափոխում այդ բախումները:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ասել է, թե իրենք մտադիր են դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

- Մենք այլևս չենք կարող ԱՄՆ-ին ընդունել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի միջնորդի դերում: Մենք մտադիր ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի չեղյալ համարվի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Մենք Անվտանգության խորհրդին կդիմենք նաև ՄԱԿ-ի լիիրավ անդամության հասնելու համար,- ասել է Մահմուդ Աբասը:

Առայժմ Պաղեստին պետությունը սոսկ ՄԱԿ-ին կից դիտորդի կարգավիճակ ունի: Աբասը Իսրայելին նաև սպառնացել է:

- Եթե Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը չփոխվի, ապա կչեղարկվեն միջազգային բոլոր, այդ թվում` Օսլոյի խաղաղ համաձայնագրերը,- հավաստիացրել է նա:

Իսլամական երկրների աչքում բարձրանալ ձգտող Էրդողանի հրավերով Ստամբուլում հավաքված պետությունների գլխավոր դեմքերն էլ, կարելի է ասել, հանդես են եկել հակընդդեմ հռչակումով` նրանք Արևելյան Երուսաղեմը ճանաչել են որպես Պաղեստինի մայրաքաղաք: Նշենք, որ ԻՀԿ անդամ է աշխարհի 57 երկիր:

Այս ամենին պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն` Պաղեստինի իշխանություններին կոչ անելով գործել հանուն խաղաղության, այլ ոչ թե արմատականացման:
Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գլխավոր հիմնախնդիրներից է, քանի որ 1967թ. վեցօրյա պատերազմում Իսրայելի բանակը գրավել է քաղաքի արևելյան հատվածը և հայտարարում է, թե այն «Իսրայելի միակ և անբաժանելի մայրաքաղաքն է»:

Արևելյան Երուսաղեմը իրենց ապագա պետության մայրաքաղաքն են համարում նաև պաղեստինցիները, և դեպքերի զարգացման ընթացքը առայժմ դուռ է բացում, որ ՄԱԿ-ի լիիրավ անդամ այդպիսի պետություն լինի:

Իսկ եթե նկատի ունենանք, որ Երուսաղեմը սրբավայր է աշխարհում մեծ տարածում ունեցող գրեթե բոլոր կրոնների համար, ապա միանգամայն պարզ կլինի, թե իր մեկ հատիկ որոշումով (որը որակվել է պարզապես իրականության ճանաչում) ինչ համամոլորակային ցնցում է առաջ բերել ԱՄՆ նախահգահ Դոնալդ Թրամփը: Ու հիմա դեպքերի ընթացքը պետք է ցույց տա, թե մոլորակին որքան ավերածություններ ու զոհեր կպատճառի նման «երկրաշարժը», որից էլ կերևա, թե մարդկության ընդհանուր տունը որքանով է «երկրաշարժակայուն»: