Պատժամիջոց մնացե՞լ է, որը ԿԺԴՀ-ի նկատմամբ չի կիրառվել

Այս օրերին Ճապոնիայի ափերին ոչ միայն հյուսիսկրեական բալիստիկ հրթիռներ են մոտենում, այլև ուրվական-նավեր, որոնց նույնպես հյուսիսկորեական ծագում է վերագրվում: Աոմորի պրեֆեկտուրայի մերձակայքում ընկած «Հվասոն-15» անունով հրթիռի փորձարկման աղմուկը դեռևս չհանդարտված՝ այժմ էլ լուր է տարածվել, թե Ակիտայի պրեֆեկտուրայի ափերին է մոտեցել ուրվական-նավակ, որտեղ 8 դիակ է հայտնաբերվել: Ընդ որում՝ վերջին ամսում սա նմանատիպ չորրորդ նավակն է (տեղեկացրել է DW-ն):
 
Նավակը հայտնաբերվել է երեք օր առաջ, իսկ ջուրն է իջեցվել շատ ավելի վաղ, քանի որ այնտեղ գտնվածը վաղուց մահացած մարդկանց դիակներ են: Նավակում եղել են նաև կորեերեն գրառումներով փրկարար բաճկոններ և հյուսիսկորեական ծխախոտի տուփեր: 
 
Թե «Թռչող հոլանդացու» (այդպես են կոչում այն նավերը, որոնց ճակատագիրը այդպես էլ մնացել է առեղծված) հյուսիսկորեական այս տարբերակներն ինչո՞ւ են սկսել նավել Ճապոնական ծովի ջրերում՝ կարելի է հազարումի ենթադրություն անել: Գուցե մատերիալիստական փիլիսոփայության ջատագով սոցիալիստները (եթե ենթադրենք, որ ԿԺԴՀ-ում սոցիալիստական ճամբարի գաղափարախոսությունն անփոփոխ է մնացել) դրանով ցանկացել են իդեալիստ ճապոնացիներին վախեցնել և պարտվողական տրամադրություննե՞ր ներշնչել: 
Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրվական-նավերից բոլորովին չի վախեցել և հայտարարել է, թե ԿԺԴՀ-ի դեմ «լրացուցիչ լայնածավալ պատժամիջոցներ են կիրառվելու»: Նա հայտնել է, թե այդ մասին արդեն խոսել է Չինաստանի նախագահի հետ, և դրա արդյունքները ի հայտ կգան անմիջապես:  
 
Պատժամիջոցների մանրամասները չեն հրապարակվել, միայն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ավելի ուշ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «լրացուցիչ պատժամիջոցների մի մեծ ցուցակ ունի», այդ թվում՝ ֆինանսական:
 
Բայց չէ՞ որ առանց նոր պատժամիջոցների էլ Հյուսիսային Կորեան վեր է ածվել գրեթե լիովին մեկուսացված պետության: Սակայն դա նրան չի խանգարել մեծացնել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը՝ դրանով սպառնալով ամբողջ մոլորակի ապահովությանը: Իսկ գուցե Թրամփի վարչակազմը որպես նոր պատժամիջոց սկսի Կիմ Չեն Ընին վախեցնել ուրվական-հրթիռներո՞վ: Չէ՞ որ 21-րդ դարում ուշմիջնադարյան «Թռչող հոլանդացու» համեմատությամբ պետք է առավել արդիական փոխադրամիջոց կիրառել: 
 
Այս ամենը, իրոք, կարող էր զավեշտական համարվել, եթե այսքան ողբերգական ընթացք չունենար: Մինչդեռ ԱՄՆ-ԿԺԴՀ միջուկային առճակատումը գնալով սրվում է և հնարավոր է՝ մի օր լիցքաթափվի հզոր պայթյունով, որը միջուկի բնույթին համապատասխան՝ շղթայական ռեակցիայով տարածվի աշխարհով մեկ: Իսկ սա կանխելու համար նույնիսկ արդիական «Թռչող հոլանդացու» օգնությանը դիմելն է թույլատրելի: