Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Թրամփին

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը Handelsblatt լրագրին տված հարցազրույցում խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն ու գործելակերպը: Թրամփի ամենամեծ սխալը նա համարել է Թեհրանի հետ կնքած միջուկային գործարքը կասկածի տակ առնելը:
 
- Թրամփի նպատակն է ոչնչացնել այն ամենը, ինչը դժվարությամբ ստեղծվել է իր նախորդի՝ Օբամայի օրոք. նախ առողջապահության ոլորտի բարեփոխումները, այնուհետև եղանակային պայմանների վերաբերյալ միջազգային համաձայնագիրը, հիմա էլ արդեն Իրանի հետ ատոմային համաձայնագիրը,- ասել է գերմանացի նախարարը:
 
Գաբրիելը մեծ սխալ է կոչել Իրանի հետ միջուկային գործարքը կասկածի տակ առնելը:
 
- Այս պահին Իրանի հետ պայմանագիրը չեղարկելը արտաքին քաղաքականության համար ծանրագույն վտանգ է պարունակում: Աշխարհն ավելի անվտանգ չի դառնա, եթե համաձայնությունը չեղյալ համարելուց հետո Իրանն այնուամենայնիվ որոշի միջուկային զենք ստանալ:
 
Ըստ ԳՖՀ ԱԳ ղեկավարի՝ իր քայլերով Թրամփը տնտեսական վնաս է հասցնում, այդ թվում` նաև Գերմանիային: Իսկ Իրանի դեմ Թրամփի առաջարկած միջոցները «գրոհ են արտահանման գերմանական նմուշի վրա»:
 
Գաբրիելը ասել է նաև, որ ԳՖՀ-ի և ԵՄ-ի որոշ ընկերություններ արդեն իսկ հրաժարվում են Իրանի հետ գործարքներից, «որովհետև վախենում են անմիջապես հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշման տակ»: 
 
Գերմանիայի արտգործնախարարը ԱՄՆ նախագահին այսքան խիստ քննադատելու առիթ չէր ունենա, եթե Թրամփը նահանջեր Իրանին ամեն կերպ զսպելու սևեռուն գաղափարից: Սակայն հոկտեմբերի 13-ին նա Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության նոր, առավել կոշտ մարտավարություն է շարադրել, ու նաև հրաժարվել է հերթական անգամ հաստատել, որ Իրանը կատարում է միջուկային գործարքի պայմանները: Իր վարչակազմին ԱՄՆ նախագահը հանձնարարել է «սերտ համագործակցությամբ աշխատել Կոնգրեսի և դաշնակիցների հետ, որպեսզի գործարքում տեղ գտած բացթողումներն այնպես մշակվեն, որ Իրանի վարչակարգը երբեք չկարողանա միջուկային զենքով աշխարհին սպառնալ»: 
 
Իսկ Թրամփին, ահա, ոչինչ չի կարող համոզել, որ աշխարհի համար ավելի մեծ սպառնալիք է հենց Իրանի հետ միջուկային գործարքը խզելը: 
 
ԱՄՆ 45-րդ նախագահը որոշել է Իրանին պատժել՝ թեկուզ դրա գինը հենց նույն միջուկային պատերազմը լինի, որից զգուշանալով՝ աշխարհը Իրանին զսպող պայմաններ է առաջարկել: Որովհետև թվում է, որ ատոմային զենքի ստեղծումից ի վեր աշխարհը երբեք այնքան մոտ չի եղել այդ ամենակործան արհավիրքին, որքան այսօր: Այասօրվանից ավելի մոտ չի եղել՝ նույնիսկ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությունների օրերին: