Քանի՞ կողմ ունեն երկակի չափանիշները

ԿՈՍՈՎՈՅԻՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ, ԿԱՏԱԼՈՆԻԱՅԻՆ՝ Ո՞Չ

Լավ կլիներ՝ Կատալոնիայի կառավարությունը անկախություն չհռչակեր, որովհետև… այդ անկախությունը Եվրոպայում ոչ ոք չի կարող ընդունել:
 
«Կուռ» տրամաբանությամբ հիմնավորված նման միտք է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին՝ ռադիոհարցազրույցի ժամանակ: Kope-ի եթերում նա ասել է, թե կատալոնական ճգնաժամը պիրենեյան թագավորության ներքին գործն է:
 
- Եվրոպան հանդես է գալիս երկխոսության օգտին: Կարևոր է լուծումը գտնել Իսպանիայի իրավական հենքի և Սահմանադրության շրջանակներում,- նշել է ԵԽ նախագահը:
 
Հետաքրքիր է՝ Կոսովոյի վերաբերյա՞լ ինչ հիմնավորումներ ունի սինյոր Տայանին: Կոսովոյին կարելի էր, Կատալոնիային՝ ո՞չ: Իսպանիան արդար է, իսկ Սերբիան՝ մեղավո՞ր: 
 
Սրա վերաբերյալ էլ խոսել է մեկ այլ համաշխարհային դեմք: Կոսովոյի ու Կատալոնիայի, ինչպես նաև սեփական Ղրիմի համեմատությունը արծարծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սոչիում` «Վալդայ» ակումբի լիագումար նստաշրջանին ելույթ ունենալով՝ նա Կոսովոյի, Կատալոնիայի և Ղրիմի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը երկակի չափանիշների օրինակ է համարել:
 
- Թե որքան փխրուն կարող է լինել անգամ բարեկեցիկ երկրի կայունությունը, ցույց է տալիս Իսպանիայի օրինակը։ Ո՞վ կարող էր սպասել, որ Կատալոնիայի կարգավիճակի շուրջ քննարկումը նման սուր քաղաքական ճգնաժամի կվերածվի: Կատալոնիայի դեպքում մենք տեսանք՝ ԵՄ անդամ և այլ պետություններ դատապարտում են։ Այս կապակցությամբ ես կարող եմ ասել, որ հարկավոր էր այդ մասին ավելի վաղ մտածել։ Ժամանակին նրանք ողջունել են Եվրոպայում մի շարք երկրների անկումը՝ առաջնորդվելով իրավիճակով և «ավագ եղբայր» Վաշինգտոնին գոհացնելու ցանկությամբ։ Ինչո՞ ւ նրանք աներկբա պաշտպանեցին Կոսովոյի անկախացումը։
 
Հիշեցնեմ, որ երբ, օրինակ, Ղրիմը հայտարարեց իր անկախության մասին և հանրաքվեով միացավ Ռուսաստանին, այդ ժամանակ, չգիտես ինչու, դա նրանց դուր չեկավ։ Իսկ հիմա, ահա, Կատալոնիան,– ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ դա Եվրոպայի երկակի չափանիշների վառ օրինակ է։
 
Նույն ամբիոնից ՌԴ նախագահը խոսել է նաև Կիևի և Մոսկվայի միջև եղած հակամարտության կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումներից: 
ՏԱՍՍ գործակալությունը գրում է. 
 
- Երկրի ղեկավարի կարծիքով՝ քանի դեռ չկա գիտակցությունը, որ հնարավոր չէ հիմնախնդիրը հանգուցալուծել՝ առանց ներգործելու այդ իրադարձությունների երկրորդ կողմի վրա, ոչինչ չի ստացվի: 
 
Այո, երբ հարցը վերաբերում է այնպիսի հարաբերությունների, որտեղ Ռուսաստանի շահն է շոշափվում, որտեղ նա տուժում է՝ ՌԴ-ում կարողանում են արդարը մեղավորից, ճիշտը սխալից տարբերել: Հետաքրքիր է՝ այդ ելույթի պահին կամ դրանից հետո Պուտինի մտքով անցե՞լ է, թե իր ղեկավարած պետությունը ինչ դիրք է գրավել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում և՝ թե բոլոր ժամանակներում որքան անընդունելի է Ռուսաստանի քաղաքականությունը, ինչպես իրենք են անվանում, Հարավային Կովկասում: 
 
Հետո՞ ինչ, որ Հայաստանը ո՛չ աշխարհագրությամբ, ո՛չ լեզվով ու մշակույթով կովկասյան երկիր չէ: Ռուսներին այդպիսի մանրամասների մեջ խորանալը ավելորդ է թվում: Երևի նույն կերպ էլ Արևմուտքին է ավելորդ թվում Ուկրաինայի վրա իրենց ազդեցությունը կիրառելը: Չէ՞ որ Արևմուտքի նպատակը ամեն գնով Ռուսաստանը թուլացնելն է:
 
Իսկ ա՛յ թե ո՞րն է ՌԴ-ի նպատակը մեր տարածաշրջանում, ռուսական քաղգործիչներն ավելի լավ կիմանան: Եվ ուրեմն լավ կանեն՝ երկակի չափանիշներից խոսելուց առաջ սեփական չափանիշները հստակեցնեն, որպեսզի դրանք բումերանգի նման ամեն անգամ իրենց չհարվածեն: