Եվ դո՞ւ, Հունաստան

Թուրքիայի հետ միևնույն կառույցում գտնվելու ցանկություն է հայտնել նաև Հունաստանը` հանձին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նույնպես օրերս հույս էր հայտնել, թե Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը: Իսկ Հունաստանի վարչապետն այդ մասին խոսել է Սպիտակ տանը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսում: Լրագրողները նրան հարցրել են` Անկարան պե՞տք է ՆԱՏՕ-ի կազմում մնա:

- Չնայած Թուրքիայի հետ կապված մեր մտահոգություններին, մենք շարունակում ենք պաշտպանել այդ պետության եվրոպական ուղեգիծը: Մենք նրան հարգում ենք որպես տարածաշրջանային տերություն: Գտնում ենք, որ պետք է շարունակի կողմնորոշվել դեպի եվրոպական հեռանկար, Արևմուտքի երկրներ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն,-լրագրողներին պատասխանել է Հունաստանի կառավարության ղեկավարը:

Ըստ երևույթին Ցիպրասին թվում է, որ եթե Թուրքիան մնա Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում և ներգրավվի եվրոպական կառույցներում ու ԵՄ-ում` այնքան «կեվրոպականանա», որ մի օր կամովին իրեն կվերադարձնի Կիպրոսից զավթած տարածքը: Թուրքիան դեպի եվրոպա գրավելուն կողմնակից Լեհաստանը, Հունաստանն ու մյուս պետությունները զգուշանում են դեպի Ռուսաստան և ասիական տարածաշրջան Անկարայի հաստատմամբ, որով այն դուրս կմնա իրենց «վերահսկողությունից»:

Սակայն Եվրամիության անդամ դառնալու բուռն ձգտումն էլ չխանգարեց, որ իր ապրիլյան հանրաքվեով Թուրքիան ուղղակի ասեր` Եվրոպա, ինչքան ուզում ես ժողովրդավարություն քարոզիր, բայց ստիպված կլինես ինձ ընդունել իմ սուլթանապետությամբ հանդերձ: Որովհետև ես այդպես եմ ուզում:

Լեհաստանն ու Հունաստանն արդեն ցույց տվեցին, որ թուրքական ցինիզմը նրա համար ամենաարդյունավետ քաղաքականությունն է: Իսկ որտեղ ցինիզմը չի անցնի, նա իր զինանոցում նաև քծնանքի` դարերով ամբարած պաշարներ ունի: Կարևորը նպատակին հասնելն է, որին էլ նա անշեղորեն ընդառաջ է գնում: