«Թղթե շերեփ» հիշեցնող հերթական զեկույցը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀՍԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՓԱՍՏԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Անպատժելիությունը Թուրքիայի գլխավոր դրդիչն է: Ու քանի դեռ նա համարժեք պատասխանատվության չի ենթարկվել հայերի նկատմամբ գործած ոճիրների համար, ցավոք` այսօրինակ զեկույցների էջերը շատանալու են, նկարագրություններն ավելի դաժան են դառնալու, իսկ այդ ամենը կանխելը մնալու է որպես անիրականալի ցանկություն:
 

«Human Rights Watch» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը, որն իր գործունեության հիմքում դրել է մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, երեկ հրապարակած զեկույցում վեր է հանել Թուրքիայում ձերբակալված անձանց նկատմամբ կտտանքների ու բռնությունների դեպքերը:

43 էջերում ներկայացվել է 11 դեպք, որոնցից 10-ը կատարվել է վերջին 7 ամսում: Դեպքերից մեկը ճնշումների ենթարկված բազմաթիվ գյուղացիների մասին է, որոնցից 38-ին կտտանքների են ենթարկել, և նրանք բողոքներ են ներկայացրել պետական ատյաններ:

«Ձերբակալություններ․ Թուրքիայում ոստիկանության կիրառած բռնություններն ու մարդկանց առևանգումները» վերնագրով զեկույցում նշված է, որ թուրք իրավապահները ձերբակալվածներին դաժանորեն ծեծել ու սպառնացել են, նրանց մերկացրել են, սպառնացել սեռական բռնության ենթարկել կամ նման ոտնձգություններ են կատարել։

HRW–ի հավաքած նյութերի համաձայն` 2017թ․ մարտ-հունիս ամիսներին Անկարայում և Իզմիրում 5 մարդ «հարկադրաբար անհետացել» կամ առևանգվել է։ Իսկ «հարկադրաբար անհետանալ» արտահայտությամբ կազմակերպությունը նշում է այնպիսի դեպքերը, երբ մարդիկ ձերբակալվել են, սակայն հետո իրավապահները նրանց ձերբակալված լինելու փաստը հերքել են կամ այդ մարդկանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չեն տրամադրել։

Նշվում է, որ զեկույցը կազմվել է բռնության ենթարկվածների հարազատների և փաստաբանների հաղորդումների, ինչպես նաև դատական արձանագրությունների հիման վրա։ Ընդ որում փաստաբանները տեղեկացրել են, որ իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելիս իրենք նույնպես բազմաթիվ արգելքների, ճնշումների ու ռիսկերի են հանդիպել: Նրանց թույլ չի տրվել իրենց պաշտպանյալների հետ հանդիպել` առանց ոստիկանների ներկայության, իսկ փաստաբանական պալատներն էլ բավարար  հնարավորություն չեն ունեցել, որպեսզի բռնությունների ու կտտանքների վերաբերյալ ապացույցներ ու փաստեր հավաքագրեն։

Հիշեցնենք, որ «Human Rights Watch»  կազմակերպությունն իր գործունեության համար 1997թ. Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել (այն կիսելով մեկ ուրիշի հետ): Հետաքրքիր է` այս զեկույցը կազմողները պատկերացում ունե՞ն, թե 100 տարի առաջ Թուրքիայում ինչեր են կատարվել, ինչպե՞ս և ի՞նչ եղանակներով են իրենց բնօրրանից զրկել ու ոչնչացրել միլիոնավոր մարդկանց: Եթե գոնե աղոտ պատկերացում ունեցել են, ապա երևի դեժավյուի նմանվող զգացողություններով են իրենց փաստերը հավաքել:

Աշխարհի տարբեր երկրների մասին նման զեկույցներ երևի շատ հաճախ են կազմվում` բռնություններ գործադրող միակ իշխանությունը Թուրքիայինը չէ: Կարևորն այն է, որ վեր հանվեն դրանց բուն պատճառները, քննվեն հետևանքները և հնարավորություններ ստեղծվեն պատժելու մեղավորներին: Որովհետև քանի դեռ մեղավորներն անպատիժ շարունակում են բռնություն ու ճնշումներ գործադրել, փաստերի բացահայտումը ոչինչ չի փոխելու: