ՄԱԿ-ը վերջապես արգելք է կիրառել

Պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ը արգելել է այն նավերի մուտքը նավահանգիստ, որոնք խախտել են Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համակարգողի հայտնած տեղեկություններով՝ խոսքը տարբեր պետությունների դրոշներով նավարկող 4 նավերի մասին է: 
 
Այդ պետություններն են Կոմարյան կղզիները, Սենտ-Քիտս և Նևիս Դաշնությունը, ինչպես նա հենց ԿԺԴՀ-ն (հաղորդում է ՏԱՍՍ-ը): Նշված նավերը Փհենյան էին տեղափոխում քարածուխ, ծովամթերքներ, երկաթի հանքաքար և պատժամիջոցներով արգելված այլ ապրանքներ:
 
«Ռոսիա 24» հեռուստաալիքն էլ այս առիթվ հիշեցրել է, որ Փհենյանի դեմ նոր սահմանափակումները սեպտեմբերին սահմանվել են՝ ի պատասխան միջուկային փորձարկումների և բալիստիկական հրթիռների արձակման: Մինչդեռ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային զենքը համարում է ԱՄՆ-ի նախահարձակ քաղաքականությունը «զսպող հզոր գործոն»:  
 
Երկու օր առաջ, ինչպես ՏԱՍՍ-ն է մեկնաբանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն հանգիստ չտվող հյուսիսկորեական թեմայի վերաբերյալ իր գաղտնի ծրագրերը քննարկել է գեներալների, առաջին լեդիի և գեներալների տիկնանց ներկայությամբ. հնարավոր է՝ շամպայնի բաժակը ձեռքին:    
 
- Նախագահները և նրանց վարչակազմները 25 տարի երկխոսել են Հյուսիսային Կորեայի հետ, պայմանագրեր են կնքել և ահռելի գումարներ վճարել, բայց այդ ամենը չի աշխատել: Պայմանագրերը խախտվել են՝ նախքան դրանց թանաքը կչորանար՝ այդպիսով հիմար վիճակի մեջ դնելով ԱՄՆ ներկայացուցիչներին: Ներեցեք, բայց կաշխատի միայն միայն մեկ բան,- ասել է Թրամփը, բայց խուսափել է լրագրողների համար պարզաբանել, թե ինչ «մեկ բանի» մասին է խոսքը:  
 
Իսկ սա արդեն, ըստ լրատվամիջոցի, եթե պարզապես «բլեֆ» չէ, ապա նշնակում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ինքնուրույն գործել՝ չխորհրդակցելով և չհամագործակցելով ոչ մեկի հետ՝ «ասես այս մոլորակի վրա այլևս ոչ մեկը չկա՝ բացի ԱՄՆ-ից և Հյուսիսային Կորեայից, ու կարծես ամեն ինչ սկսելու է մաքուր էջից՝ ջնջելով մարդկության ամբողջ նախորդ փորձը»: 
 
«Մարդկության ամբողջ նախորդ փորձը» գուցե այնքան էլ չի խոսում մոլորակի վրա խաղաղությունը պահպանելու հաջողությունների մասին: Սակայն այն, ինչ սեփական իրասածի պահվածքով Թրամփն է անում, կարծես մոլորակն ուղիղ տանում է դեպի միջուկային պատերազմ: Եվ մարդիկ արդեն սկսել են խոսել այն մասին, որ ԱՄՆ 45-րդ նախագահը շուտով երրորդ համաշխարհային պատերազմը կսանձազերծի:
 
Սա, իհարկե, ամենաողբալի սցենարը կլինի, որին կհանգեցնի Թրամփի և նրա ղեկավարած պետության գործելակերպը, եթե իրոք դրա հիմքում դրվի «ասես այս մոլորակի վրա այլևս ոչ մեկը չկա` բացի ԱՄՆ-ից և Հյուսիսային Կորեայից» միտքը: Մոլորակի վրա, բարեբախտաբար, ուրիշներն էլ կան: 
 
Ու հիմա հարց է առաջանում. ՄԱԿ-ի ԱԽ-ի այսօրվա գործելակերպը՝ այդ չորս նավերի մուտքը նավահանգիստ արգելելը, ԱՄՆ նախագահին գոհացնելո՞ւ առաքելություն ունի, թե՞ կոչված է մարդկությանը համոզելու, որ աշխարհում մոլորակի բախտով մտահոգ կառույցներ նույնպես գոյություն ունեն: