Փհենյանին հարվածել, այո, կարելի է. բայց դա ի՞նչ արդյունք կտա

Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը երևի բոլորին է անհանգստացնում, իսկ առավելապես` հեռավորարևելյան տարածաշրջանի պետություններին: «Ռուսաստանի էնեգետիկական շաբաթ» համաժողովի նիստին  Փհենյանին հարվածելու հնարավոր հետևանքներն այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (ՌԴ ղեկավարի խոսքն է փոխանցել Lenta.ru-ն).

- Եկեք պարզ խոսենք: Կարելի՞ է Հյուսիսային Կորեային գլոբալ հարված հասցնել: Այո′, կարելի է: Բայց պարզ չէ` դա արդյունք կտա՞: Ո՞վ գիտի` ի՞նչ է այնտեղ թաքնված:


Պուտինը կարծիք է հայտնել, թե Հյուսիսային Կորեայի շուրջը ստեղծված ճգնաժամային իրավիճակը հնարավոր է լուծել միայն  բոլոր կողմերից հնչող հռետորաբանության մակարդակը նվազեցնելով, ինչպես նաև` Վաշինգտոնի ու Փհենյանի միջև ուղիղ բանակցությունների հաստատումով:

- Միայն այդ դեպքում է հնարավոր հավասարակշռված, ընդունելի լուծում գտնել,-ընդգծել է Պուտինը:

Հենց այդ է` արդի ժամանակներում ի՞նչ արդյունք կարող է տալ որևէ երկրի «գլոբալ» հարված հասցնելը: Այն էլ այնպիսի երկրի, որը միջուկային զենք ունի և անընդհատ հրթիռներ է փորձարկում: Չէ՞ որ Փհենյանի բարձրագոչ հայտարարություններն ու սպառնալիքներն անտեսելը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ: Չի կարելի անտեսել, որ այդ երկրի ղեկավարը խոստացել է մոխրակույտի վերածել Միացյալ Նահանգները, և հնարավոր է` հենց միայն իր խոսքից հետ չկանգնելու համար չխնայի անգամ աշխարհի կեսին: Պակաս բարձրագոչ ու սպառնալի չեն ԱՄՆ-ից հնչող պատասխանները:

Իսկ երկխոսություն ոչ մի կերպ չի սկսվում: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մի քանի օր առաջ էր հայտարարել, թե Փհենյանի հետ բանակցելն անօգուտ է և ժամանակի վատնում, իսկ պետքարտուղար Թիլերսոնին կոչ էր արել ուժերը խնայել: 

Այժմ ինչքան որ Մերձավոր Արևելքում են վտանգավոր գործընթացներ կատարվում, նույնքան էլ Հեռավոր Արևելքն է սպառնում մոլորակի խաղաղությանը: Ու որքան էլ տարբեր թվան, սրանք միևնույն շղթայի հաջորդական օղակներն են, որոցից որն էլ կտրվի` խորտակվողը բոլորն են լինելու: Սա գիտակցելու համար աշխարհի հզորներին ի՞նչն է պակասում` խե՞լքը, կրթությո՞ւնը, սիրտ ու հոգի՞ն, մարդկայնությո՞ւնը, երևակայությո՞ւնը…

Միայն թե այսօր ունենք այն, ինչ տեսնում ենք` միջուկային պատերազմի ահագնացող վտանգ և ահաբեկչական խմբավորումների, անմեղ մարդկանց գնդակահարող վրիժառուների ամենօրյա գործունեություն: