ԵԽԽՎ-ն մտահոգված է

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՑԸ` ԾԱՆՐԱՉԱՓ

ԵԽԽՎ լիագումար նիստը նախատեսված է հոկտեմբերի 9-13-ը, որտեղ քննարկվելու են նաև Ադրբեջանի հետ կապված հարցեր: Հենց այդ ժամանակ է վճռվելու ԵԽԽՎ կաշառակեր նախագահ Պեդրո Ագրամունտի հեռացման հարցը ևս: Իսկ կաշառատուն, ինչպես բոլորը երևի հիշում են, հենց նույն Ադրբեջանն է:

Այն հանգամանքը, որ ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ ամիսներ առաջ վճռականապես դրեցին Ադրբեջանի կամակատարը դարձած Ագրամունտի հեռացման հարցը, հույսեր է ներշնչում, թե այնտեղ դեռևս ազնիվ մարդիկ մնացել են: Բայց երբ կարդում ես Ադրնբեջանի իշխանություններին ուղղված նրանց հորդորը` զարմանում ես, թե որքան միամիտ են նրանք: 

ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքներերի հարցերով կոմիտեի վերջին նիստն անդրադարձել է Վեհաժողովի անդամների կաշառելու վերաբերյալ լուրերին, այսինքն «ադրբեջանական լվացքատան» գործունեությանը:

Քննարկումից հետո արձանագրվել է.

- ԵԽԽՎ-ն խստագույնս մտահոգված է` տեղեկանալով  2012-2014թթ․ Ադրբեջանի կառավարությանն առնչվող` խոշոր չափերի փողերի լվացման սխեմայի առկայության զեկույցների մասին, որը, ի թիվս այլոց, օգտագործվել է նաև Վեհաժողովի անդամների աշխատանքի վրա ազդեցություն գործելու համար` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ։

Հրապարակվել է Վեհաժողովի հորդորը Ադրբեջանի իշխանություններին` այս պնդումների վերաբերյալ անհապաղ սկսել անկախ ու անկողմնակալ հետաքննություն` լիարժեքորեն համագործակցելով միջազգային համապատասխան իշխանությունների ու մարմինների հետ։

Որ ամառվա ընթցքում Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստել և փորձել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նիստաշրջանի արդյունքների վրա իր իմացած ձևերով ազդել, անկասկած է: Բնականաբար` նա, չարություն արած երեխայի նման, փողերի լվացումն ու իր  կաշառատու գործունեությունը ժխտելու է: Հենց հոկտեմբերին էլ կերևա, թե իրականում ինչ է ԵԽԽՎ-ն` բարձրաստիճան կաշառակերների ներկայացուցչությո՞ւն, թե՞ մարդկության ապագայի համար մտահոգ կառույց: Ադրբեջանի հարցն այդ առումով իսկական ծանրաչափ կլինի: