Ինչպես է հայտնվել և ինչու է կարևոր Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը

Ավելի քան մեկ դար ամբողջ աշխարհում մարդիկ նշում են Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը: Բայց քչերն են հիշում, թե ինչ իմաստ է դրված տոնի հիմքում, ինչու է այն կարևոր:
 
Ամեն ինչ սկսվեց 1908 թվականին՝ կանայք սկսեցին պայքարել
իրենց իրավունքների համար։
 
Կանանց միջազգային օրը առաջացել է աշխատանքային շարժման արդյունքում: Ամեն ինչ սկսվեց 1908 թվականին, երբ 15000 կին երթով անցավ Նյու Յորքում՝ պահանջելով ավելի կարճ աշխատանքային օր, ավելի բարձր աշխատավարձ և ընտրելու իրավունք:
 
Մեկ տարի անց Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը առաջին ագամ հռչակեց Կանանց ազգային օրը։
 
Այնուհետև գերմանացի, կոմունիստ-ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը՝ ելույթ ունենալով 1910 թվականին Կոպենհագենում Աշխատող կանանց միջազգային համաժողովում, առաջարկեց այս օրը դարձնել միջազգային: Նրա առաջարկը միաձայն պաշտպանել են համաժողովի մասնակից 17 երկրների 100 կանայք:
 
Կանանց միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1911 թվականին Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում։
 
ՄԱԿ-ն այս օրը սկսել է նշել 1975թ.
 
Ամսաթվի ընտրությունը՝ մարտի 8-ը, կապված է Ռուսաստանում կանանց գործադուլների հետ
Ամսաթիվն ընտրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանում կանայք զանգվածային գործադուլ էին անում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Պահանջն էր՝ «Հաց և խաղաղություն»։ Հուլյան օրացույցի համաձայն, որն այն ժամանակ գործում էր Ռուսաստանում, գործադուլը սկսվել է փետրվարի 23-ին։ Գրիգորյան օրացույցով, որն օգտագործում է աշխարհի մեծ մասը, դա մարտի 8-ն է։
 
Գործադուլի սկսվելուց չորս օր անց Ռուսաստանի ցարը հրաժարվեց գահից, իսկ իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը կանանց ընտրելու իրավունք տվեց։
 
Մարտի 8-ը ամբողջ աշխարհում բողոքի, հավասար իրավունքների
և կանանց նկատմամբ բռնության դադարեցման պահանջի օր է
 
Կանանց միջազգային օրը շատ երկրներում հայտարարված է ազգային տոն և հանգստյան օր: Այս օրը նաև հազարավոր միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում՝ երթեր, համաժողովներ, համերգներ, ցուցահանդեսներ և բանավեճեր:
 
Ինչու՞ են մանուշակագույն հագնվում Կանանց միջազգային օրը
Կանանց միջազգային օրվա պաշտոնական կայքում ասվում է, որ այս ամսաթվի գույներն են՝ մանուշակագույնը, կանաչը և սպիտակը:
 
«Մանուշակագույնը նշանակում է արդարություն և արժանապատվություն: Կանաչը խորհրդանշում է հույսը: Սպիտակը կրում է մաքրության իմաստը, թեև սա հակասական հասկացություն է», - գրված է կայքում:
 
Ինչու՞ է անհրաժեշտ Կանանց միջազգային օրը
 
Ակտիվիստներն ասում են, որ օրը հնարավորություն է բարձրաձայնել կանանց իրավունքների հարցում նկատվող առաջընթացի մասին:
 
Բայց միևնույն ժամանակ, այն ուղերձ է այն մասին, որ աշխարհում շատ կանայք զրկված են հավասար իրավունքներից, նույնիսկ այնպիսի տարրական իրավունքներից, ինչպիսիք են կարդալ և գրել սովորելը: Ողջ աշխարհում նկատվում է նաև կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության աճի միտում:
 
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ամեն տարի հրապարակվող Գենդերային խզման գլոբալ ինդեքսը 2023 թվականին արձանագրել է, որ աշխարհի ոչ մի երկիր դեռ չի հասել լիարժեք գենդերային հավասարության: Ուսումնասիրությունն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, կպահանջվի ևս մեկ դար եռանդուն գործողություն, մինչև այս նպատակին հասնելը:
 
Աղբյուր՝ JAMnews