Գունաթափված դաջվածքները մաշկի ներքին շերտի տակ միշտ վառ են մնում

Արևմտյան կայքերում տարածվել է ձեռքերին գունավոր դաջվածքներ ունեցող մի տղամարդու երկու լուսնկար և հաղորդվում է, որ սնունդ պատրաստելիս նա այրվածքներ է ստացել: Իսկ երբ այրվածքի տեղում մաշկը պոկվել է և սկսել բարեհաջող վերականգնվել, մարդը զարմանքով նկատել է, որ իր գունափթափված դաջվածքները ներսում նույքան վառ են, որքան նոր արված ժամանակ: Համացանցի շատ օգտատերեր այդ կադրերի իսկությանը չեն հավատացել՝ համարելով, թե գուրծ ունեն հմուտ մոնտաժի հետ (տեղեկացնում է esoreiter.ru պարբերականը):
 
Շուտով բանավեճին միացել են մասնագետները և ի զարմանս բոլորի՝ հայտարարել են, թե այդտեղ ոչ մի գերբնական բան չկա: Պարզվել է, որ դաջվածք անելու ժամանակ թանաքով հագենում է ոչ միայն մաշկի արտաքին շերտը, այլև առաջին հերթին մաշկի տակ գտնվող բարակ թաղանթը:
 
Մաշկի արտաքին շերտը մշտապես նորոգվելու հատկություն ունի, բացի այդ, անընդհատ ենթակա է արտաքին ազդակներին: Այդ պատճառով այնտեղ արված ցանկացած նկար ժամանակի հետ խամրում ու աղոտանում է: Իսկ մաշկի ներքին շերտը թանաքը շատ ավելի հուսալի է պահպանում, և երբ տվյալ շերտը վնասվում է, հաճախ է պատահում, որ դրա տակ նկատվում է դաջվածքի սկզբնական գուներանգը: 
 
Պարբերականը զգուշացնում է՝ ոչ մի դեպքում ինքներդ ձեզ  վնաս չհասցնեք՝ թարմացնելու համար մաշկի դաջվածքը: Մաշկի արտաքին շերտի ապաքինումը բավական ցավոտ ու տհաճ ընթացք ունի և մարդուն խոցելի է դարձնում  զանազան վարակների հանդեպ: Բացի այդ, մաշկի վերականգնումից հետո դրա տակ վերստին կքողարկվի նաև դաջվածքի վառ տարբերակը:
 
Միայն թե հասկանալի չէ, թե ինչն է մարդուն դրդում սեփական մարմինը վեր ածել գրատախտակի՝ վրան աջուձախ նկարներ ու գրություններ «հրապարակելով»: Մի՞թե 7 մլրդ մարդկության մեջ անհատականությունից զրկվելու և հասարակության  մի «շարքային» անդամ  նկատվելու վախից է: Գիտությունն ասում է, որ անգամ միաձվանի երկվորյակներից յուրաքանչյուրն անկրկնելի անհատ է, էլ ի՞նչ կարիք կա բնության ընծան համալրել արհեստական ներկերով: Ցավոք, մարդկությունը վաղուց առաջընթացի խոտոր ընթացք է բռնել, և այս երևույթի տարածքումը թերևս դրա դրսևորումներից մեկն է: