«Բրենդային» կոշի՞կ, թե՞ «չարիք»

Արտադրողն ինչեր միայն չի անի՝ սեփական ապրանքի վրա ուշադրություն հրավիրելու և դրանից հնարավորինս մեծ շահ ստանալու համար: Կանադական Fecal Matter-ը մինչև այժմ հռչակված էր իր աչքի ընկնող դիմահարդարանք ապահովող պարագաներով, վառ զգեստներով, գերբարձր ներբաններով կոշիկներով: Fecal Matter-ը բնորոշվում է որպես punk brand, որտեղ brand-ը հայերենով որականիշ, ապրանքանիշ իմաստն ունի, իսկ punk-ը այդ դեպքի համար շատ խոսուն հոմանիշներով է արտահայտվում՝ անփորձ երիտասարդ, սկսնակ, անարժեք մարդ, ոչնչություն: Սա նաև երիտասարդական շարժման անուն է: Ինչ մնում է այս ապրանքանիշի անվանը՝ Fecal Matter, ենթադրվում է, թե այն այդպես է կոչվել Կուրտ Քոբեյնի ստեղծած երաժշտախմբի պատվին:
 
Այս ապրանքանիշը վերջերս իր անունը նշանավորել է նոր արտադրանքով՝ թողարկելով կոշիկների շարք, որոնք առաջին հայացքից տպավորություն են թողնում, թե արվել են մարդկային մաշկից և մատներից: 
 
Նմանությունն այնքան մեծ է, որ երբ Fecal Matter-ի արտադրանքի լուսանկարները հայտնվել են սոցցանցերում, շատ մարդիկ սկսել են գրել, որ այդ լուսանկարներն առաջացնում են ուժեղ տագնապ, նաև զզվանքի զգացողություն, մինչև իսկ սրտխառնոց: Ճտքակոշիկները, որոնք ամեն փանկ չէ, որ կհամարձակվի հագնել, նաև շատ թանկ են: Զույգն արժե ամենաքիչը 10 000 դոլար: Իսկ որպես լրացուցիչ զարդ՝ ապրանքանիշն առաջարկում է դնովի երկար եղջույրներ՝ նույնպես մարմնագույն: 
Ինչպես հանրահայտ Vogue հանդեսում է նշվում (անգամ այնտեղ ներկայացվելու են արժանացել), կոշիկի այդ նմուշն սկզբում ստեղծվել է լուսանկարների մշակման ծրագրով, «ուղղակի պարապությունից», սակայն հետո որոշվել է երևակայությունն իրականություն դարձնել: Vogue-ի անդրադարձը նշանակում է, որ այս ապրանքանիշը արդեն մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ այս հանդեսի ինստագրամը համարյա 340 հազար բաժանորդ ունի:
 
Որքան էլ զարմանալի է, ապրանքանիշի երկրպագուներն այդ ամենը համարում են արվեստի եզակի ստեղծագործություններ և գրում են, թե դա սարսափելի համարողներն ուղղակի ոչինչ չեն հասկանում: 
 
Կոշիկը մշակել են ձևավորողներ Հաննա Ռոուզ Դալտոնը և Սթիվեն Ռաջ Բհասկարանը: Նրանց կարծիքով՝ գաղափարը մեկ ամբողջության մեջ արտացոլում է  մարմնի վերափոխությունը և աշխատակարգերի զարգացումը: 
 
- Մենք այս արտամոլորակային տեսակն ստեղծել ենք նախ ֆոտոշոփով, ապա և՝ այդ իրը դարձնելով անհավատալիորեն իրական,- Vogue-ին ասել է Բհասկարանը: 
 
Իսկ ահա թե ինչ են գրում համացանցի օգտատերերից ոմանք: 
 
- Շատ եմ խնդրում՝ սրան վերջ տվեք, այդ նկարներին նայելիս ինձ անհանգստությունն է համակում,- բողոքում է մեկը: 
 
- Ո՞վ կցանկանա կամավոր կերպով կրել այս չարիքը: Սա ուղղակի գարշանք է առաջացնում,- գրում է մեկ ուրիշը:
 
- Սա տարօրինակ ու գեղեցիկ է, ես նման բաներ սիրում եմ,- իր «առաջադիմական» լինելն է ցուցադրում մյուսը: 
 
- Ուղղակի ցնցող հրաշք է,- ուրախանում է մեկ ուրիշը:
 
Իսկ մենք կարող էինք նողկալ ու ահաբեկվել մարդկային էության այլասերման չափից, եթե նման երևույթների արդեն ծանոթ չլինեինք: Դրանցից մեկն էլ Հալոուին կոչված՝ հրեշների պաշտամունքի տոնն է, որը վերջերս անգամ Հայաստանում է նշվում: Ճիշտ է՝ այս տարի փորձ էր արվել դդումի խորհրդանիշ այդ տոնը սրբագործել մեր ղափամայով, սակայն դա դժվար թե նրանց հաջողված լինի: Նման երևույթներով կարծես մեկն իրոք փորձում է մարդկանց պատրաստել մի ահավոր իրականության, որը մտածում են աշխարհի գլխին բերել: