Հայկական մշակութային մի պատառիկ` Լիտվայի ռազմական գրադարանին


Մանկուց երազել եմ լինել որևէ երկրում, ծանոթանալ նրա բարքերին, սովորույթներին, հանդիպել մեր համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ երկրում հիմնել հայկական անկյուն կամ տվյալ երկրի լեզվով ներկայացնել մեր մշակույթի արժեքները,- պատմում է այդ ձեռնարկման հեղինակը` զորամասի թարգմանիչ, ավագ լեյտենանտ Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ - Եվ ահա 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը ընձեռեց այդ հնարավորությունը` ուղարկելով Լիտվայի հանրապետության ռազմական ակադեմիա, վերապատրաստվելու անգլերեն լեզվի ուղղությամբ: Սովորելուց բացի իմ գերագույն նպատակն էր ծանոթանալ տեղի մեր համայնքի հետ` հաստատել նոր ծանոթություններ, ինչպես նաև այնտեղ ներկայացնել մեր մշակույթը, գրականությունը, պատմությունը: Գրադարանի տնօրեն տիկին Յանինե Տուպենենեն անմիջապես ընդունեց իմ առաջարկը` ասելով, որ մինչ այդ հայաստանցի ուսանողներից նման խնդրանքով չի դիմել: Սկզբում նրանք ինձ հրավիրեցին իրենց կազմակերպած սեմինարներին, գրքերի ցուցահանդեսներին և շնորհանդեսներին: Այնուհետ ես բաց դասեր խնդրեցի, որպեսզի կարողանամ ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը` թե° լիտվացիներին և թե° բոլոր մեր խմբի օտարերկրացիներին: Սովորելուս 4 ամսվա ընթացքում շնորհիվ Լատվիայի «Հավատք» հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանի և իմ ընկերներ Իրինա և Լուսինե Տեր-Տաճատյանների, ես ծանոթացա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների` Վահան Արզումանյանի, Օլեգ Իսաևի, նախագահ Արայիկ Թունյանի հետ, ովքեր ինձ օժանդակեցին ծրագիրս իրականացնել: Վահան Արզումանյանը տրամադրեց նյութեր և գրականություն, որոնց շարքում` լիտվերեն թարգմանված Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը», Հայոց ցեղասպանության մասին «Մեմորանդում» ժողովածուն` հայերեն, անգլերեն և լիտվերեն, որտեղ նշված է, թե ինչպես է Լիտվայի սեյմն ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այդ ամենը նվիրեցի տեղի գրադարանին: Հետո արդեն Հայաստանից ուղարկեցի մեր պատմության մասին մի քանի DVD սկավառակ և անգլերեն մի քանի բրոշյուրներ: Գրեթե ամեն ամիս ես փորձում եմ թարմացնել թե° գրադարանը և թե° պատի թերթը: Երբ ներկայացրեցի լիտվերեն թարգմանած Նարեկացու աշխատությունը լիտվացիները մեծ ոգևորություն ապրեցին. մի քանի հոգի նույնիսկ ցանկություն հայտնեցին գալ Հայաստան և մոտիկից ծանոթանալ մեր մշակույթին ու պատմությանը` առաջարկելով մեր դասասենյակում Ալբանիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի պատի թերթերի կողքին պատրաստել պատի թերթ` մեր երկրի մասին. ես անմիջապես ընդունեցի այդ առաջարկը և «Մի փոքրիկ Հայաստան» էլ բացեցի մեր լսարանում: Հուսանք, որ մոտ ապագայում ավելի կամրապնդվեն մեր կապերը, և մեր ընթերցողն էլ կծանոթանա Լիտվայի, իսկ լիտվացին` մեր գրական ու մշակութային արժեքներին: