«Նրանց առավելությունը քարոզչական ակտիվությունն է»


Հայտնի փաստ է, որ Ադրբեջանին որպես հանրապետություն գոյատևելու «ծննդական» տրվել է ԽՍՀՄ կազմավորման ժամանակ, երբ ձևավորվեցին 15 հանրապետությունները: Թե ինչպես պատահեց, որ այդ տարածքում ստի ու կեղծիքի վրա պետություն «կառուցեց» և ինչո՞ւ փողով ստեղծված «հանրապետությունը» ոչ միայն կազմավորվեց, այլև սկսեց հարևան պետությունների, մասնավորապես Հայաստանի հանդեպ պահանջատիրական նկրտումներ դրսևորել` կհիմնավորի ադրբեջանագետ Սարգիս ԱՍԱՏՐՅԱՆԸ:

- Հայտնի է, որ պատմական մի շարք կեղծիքների հենքի վրա է ստեղծվել Ադրբեջան պետությունը: Արդյո՞ք դա է պատճառը, որ նրանք շարունակում են նույն ձևով` ստի քարոզի միջոցով ոչ միայն ամրացնել իրենց դիրքեը, այլև պահանջներ ներկայացնել և դրանով տարածաշրջանում իրենց տեղն ամրապնդել:

- Այս սխալը գալիս է խորհրդային կարգերի ամրապնդման ժամանակներից, երբ հիմք դրվեց նաև պատմական կեղծիքների ստեղծմանը և գրվեց Ադրբեջանի «պատմությունը»: Բնականաբար, հիմա էլ իրենք հիմնվում են խորհրդային տարիներին ստեղծված, այսպես ասած, պատմականության վրա:

- Դա՞ է պատճառը, որ նորաստեղծ պետությունների կլանողականությունը բավական բարձր է և դրա պատճառով էլ փորձում են զավթել այն ամենը, ինչը որ հնարավոր է: Դա՞ է նրանց առավելությունը:

- Նրանց առավելությունը քարոզչության ակտիվությունն է: Նրանք հսկայական գումարներ են ծախսում տարբեր երկրներում ֆորումներ անցկացնելու, թանգարաններ բացելու և կենտրոնացված քարոզչություն իրականացնելու համար: Մեր հակաքայլը պետք է լինի մեր քարոզչության կենտրոնացումը:

- Ադրբեջանը ոչ միայն գումարներ չի խնայում իրենց կեղծ պատմությունը քարոզելու համար, այլև չափից ավելի գումար է ներդնում զինտեխնիկա ձեռք բերելու համար: Կարծիք կա, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենք-զինամթերքի ընդամենը 1/3-ի օգտագործման դեպքում անգամ Հարավային Կովկասը կարող է վերանալ: Այսինքն, այնտեղ չափազանց մեծ քանակության զենքի կուտակումը սպառնալիք է նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ճի՞շտ է, որ Ադրբեջանը վախի պատճառով է շարունակում զինվել:

- Բնական է այդքան զենքն օգտագործելը շատ դժվար կլինի, պետք է լայնամասշտաբ պատերազմ վարես, որպեսզի կարողանաս այդքան սպառազինությունն օգտագործել: Համենայն դեպս մոտ ապագայում, ըստ իս, նման լայնամասշտաբ գործողությունների վերսկսում չի սպասվում: Ինչ վերաբերում է զինվելուն, ապա դա սովորական պետությունների մրցավազք է, որի մեջ հայտնվել ենք նաև մենք: Միջազգային կառույցների վերլուծություններին հետևելիս տեսնում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն արդեն իսկ դասվում են ռազմականացված պետությունների շարքին: Այս գնահատականը կարծում եմ ամեն ինչի մասին խոսում է:

- Արդյոք այդ ամենը չի՞ մտահոգում գերտերություններին և առհասարակ, միջազգային հանրությանը:

- Ոչ մեկին էլ ոչինչ չի հետաքրքրում: Բոլորն էլ իրենց շահերի հետևից են ընկած: Ադրբեջանն այսօր պետք է Արևմուտքին իր էներգակիրների առկայության պատճառով, և բոլոր այն հայտարարությունները, թե միջազգային հանրությունը մտահոգված է, բոլորս էլ հասկանում ենք, որ դատարկ խոսքեր են: Մինչ այժմ միջազգային հանրությունը իր շահերից այն կողմ ոչինչ էլ չի տեսել: Ի՞նչ կլինի, քանի մարդ է սահմանին զոհվում, դա նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Նրանց պարզապես հետաքրքրում է, որ նավթը կայուն կերպով հոսի դեպի իրենց երկրներ:

- Չնայած Արևմուտքին Ադրբեջանի նավթն է հարկավոր և այդ պատճառով է, որ գերտերությունները հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում այդ երկրի հանդեպ, այնուամենայնիվ, վերջին շրջանում նույն Արևմուտքը կարծես թե սկսել է սրտացավ վերաբերմունք ցուցաբերել Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում: Ձեր կարծիքով, դա ինչո՞վ է պայմանավորված:

- ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պարբերաբար քննադատում է Ադրբեջանին` մարդու իրավունքների խախտումների պատճառով, և Ադրբեջանը փորձ կատարեց պատասխանել այդ քննադատություններին: Սակայն ասել, թե Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կարող է հակաամերիկյան հունով ընթանալ, ճիշտ չէ: Բնականաբար, կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Արցախյան կոնֆլիկտը լուծվի, սահմանները բացվեն, քանի որ այս կոնֆլիկտի առկայությունը մշտապես հարցականի տակ է դնում էներգակիրների անվտանգության հարցը, և ցանկացած անկայունություն նրանց համար լրացուցիչ բարդություններ կարող է ստեղծել:

- Գերտերությունները փոքր պետությունների հետ հարաբերությունների ժամանակ մշտապես իրենց շահի տեսանկյունից են հանդես են գալիս: Նավթադոլարներ չունեցող Հայաստանի դեպքում իրենց շահը ո՞րը կարող է լինել:

- Մենք հաճախ անտեսում ենք մեր դերը տարածաշրջանում, բայց պետք է ասեմ, որ Հայաստանը կարևոր ստրատեգիական դիրքում է գտնվում: Այս տարածաշրջանում գերակա դիրք ունենալն այսօր կարող է անգամ գերտերությունների շահերի բախում առաջացնել: Ըստ էության` Հայաստանը գտնվում է մի այնպիսի դիրքում, որ կարող է նաև վերահսկել ամբողջ տարածաշրջանը: Ուստի թերագնահատել Հայաստանի տեղը, դերը, աշխարհագրական դիրքը և նշանակությունը, ըստ իս, սխալ է:

- Որո՞նք են Հայաստանի թույլ կողմերը, ինչը պետք է զարգացնել, որպեսզի կարողանանք առավել շահեկան դիրքերից հանդես գալ:

- Եթե փորձենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը համեմատել Ադրբեջանի հետ, ապա մենք մեզ կարող ենք դեմոկրատիայի բնօրրանը համարել: Այսօր խոսքի ազատության առումով, ներքաղաքական գործընթացների առումով մենք շատ առաջ ենք Ադրբեջանից: Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, այստեղ զիջում ենք հարևան պետությանը: Նրանց դիվանագիտական առաքելությունները շատ ավելի ակտիվ են աշխատում: Իսկ այն, թե ինչ կարող ենք հակադրել Ադրբեջանի նավթադոլարներին, իմ կարծիքով այսօրվա դրությամբ դրանք բարձր տեխնոլոգիաներն են: Այս առումով մենք հսկայական ներուժ ունենք, որը պետք է օգտագործել և գնալ դեպի ապագա: Դա կարող է Հայաստանը վերածել լրջագույն կենտրոնի: Իմ երազանքներից մեկն էլ այն է, որ սկսի զարգանալ արդյունաբերությունը: Հասկանալի է, որ այսօր շուկան է թելադրում, սակայն պետք է փորձել գրավել այդ շուկան և հավատացեք, որ մենք Ադրբեջանին շատ ավելի հետ կթողնենք, քան իրենք կարծում են:

- Իսկ ո՞րն է Ադրբեջանի ուժեղ կողմը, որից պետք է Հայաստանը զգուշանա:

- Ադրբեջանի «ուժեղ» կողմը դա կենտրոնացված հակահայկական քարոզչությունն է: Դա պետական գաղափարախոսության վերածված հակահայկական քարոզչութ յուն է, որի համար նրանք կիրառում են իրենց ամբողջ ներուժը և ներդնում են հսկայական գումարներ: Մեր հակահարվածը պետք նույնպես կենտրոնացված լինի:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ