ՆԱՏՕ-ն ուժ է` հանուն բարիքի
«Փորձված մարտաձիերը» հեռանում են. Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի փակ նիստում Բուշն այսպես է բնութագրել իրեն ու Պուտինին: Այդ նիստից առանձին դրվագներ ներկայացնելով` Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը Նահանգների նախագահի ելույթը որակել է որպես «դրական և ոչ ձևական»` հավելելով` - Նա (Բուշը-խմբ.) ողջունեց նախագահ Պուտինին, շնորհակալություն հայտնեց ժամանման առթիվ և ասաց. «Գիտեք, մենք երկու փորձված մարտաձիեր ենք, որոնք պատրաստվում են հեռանալ իրենց պաշտոններից»: Սպիտակ տան ղեկավարը նույն նիստում վերստին ընդգծել է, թե «սառը պատերազմն» ավարտվել է, ու Ռուսաստանն այլևս թշնամի չի համարվում, և ինքը գտնում է, որ ՆԱՏՕ-ն ուժ է` հանուն բարիքի: Նա ասել է նաև` «Մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի ռուս ժողովրդին հավատացնենք, որ ՆԱՏՕ-ն ոչ թե սպառնալիք է, այլ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու միջոց: Մարտահրավերներ, որոնց բախվում են ԱՄՆ-ը, Եվրոպան և Ռուսաստանը»: Մերձենալն ուղղակի սպառնալիք է - Ռազմական հզոր դաշինքի մերձենալը մեր սահմաններին Ռուսաստանում կընկալվի որպես ուղղակի սպառնալիք` մեր երկրին,- ասել է ՌԴ հեռացող նախագահ Վլ. Պուտինը: ՀԼԸ «ծՏՉՏրՑՌ»-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահը Բուխարեստում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո նաև հավելել է. - ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը, նոր անդամ երկրների տարածքներում ռազմական կառույցների ստեղծումը, կոսովյան ճգնաժամը, Եվրոպայում սովորական և զինվորական ուժերի մասին պայմանագրի Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային միջոցների տեղադրումը. այս ամենը չի նպաստում մեր համագործակցության կանխատեսելիության ու վստահության ամրապնդմանը: Պուտինը միաժամանակ նկատել է, որ իրենց գոհացնել չեն կարող և այն հայտարարությունները, թե այս գործընթացն ուղղված է Ռուսաստանի դեմ: