Նորի՞ց հեղափոխություն


Վրաց ընդդիմությունը սկսել է նոր հեղափոխության մասին խոսել: Նրանք հայտարարում են, որ այլ ճանապարհով Սահակաշվիլուն իշխանությունից հեռացնել անհնար է: - Դժբախտաբար` Վրաստանում իրադարձություններն անպայման հեղափոխական ճանապարհով կզարգանան… Սահակաշվիլին պարզապես չի թողնում ուրիշ սցենարի հնարավորություն,¬ անցյալ շաբաթ հայտարարել է «Միասնական Վրաստանի ժողովրդական շարժում» ընդդիմադիր կազմակերպության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն և պարզաբանել. ¬ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա խաղաղ հեղափոխություն լինի: Եվ որքան շատ մարդ լինի փողոցում, այնքան ավելի շատ կլինեն երաշխիքները, որ այդ հեղափոխությունը խաղաղ կլինի, և Սահակաշվիլին չի համարձակվի ձեռք բարձրացնել իր ժողովրդի վրա: Նույնանման հայտարարություններով նախկինում հանդես են եկել ընդդիմադիր մյուս կուսակցությունների ներկայացուցիչները ևս (տեղեկացրել է «Գոլոս Ամերիկի»¬ի ռուսական ծառայությունը): - Ժողովուրդը փոփոխությունների է սպասում. դրա համար էլ ցանկացած գնով, ինչ էլ դա մեզ արժենա, մենք պետք է փլուզենք այս վարչակարգը և երկիրը դնենք անշրջելի առաջընթացի ուղու վրա,¬ Բուրջանաձեից 1 օր առաջ ասել է «Վրացական կուսակցության» գլխավոր քարտուղար Կոկա Գունցաձեն: Իսկ Պաշտպանության նախկին նախարար, «Վրացական կուսակցության» մեկ այլ առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլին, ով ներկայումս Ֆրանսիայում է` քաղաքական փախստականի կարգավիճակով, շատ ավելի կտրուկ է արտահայտվել. - Մենք չենք պատրաստվում այդ պայքարը սպիտակ ձեռնոցներով մղել: Նույն կուսակցության անդամ, երկրի նախագահի էքս-թեկնածու Լևան Գաչեչիլաձեն էլ Վրաստանում «եգիպտական սցենար» է կանխագուշակել. - Շատ շուտով Վրաստանում տեղի կունենա այն, ինչ կատարվեց Կահիրեում… Գարնանը մենք բոլորս հանգստի կգնանք, և դա կլինի հանգիստ` Սահակաշվիլիից: «Ազգային ժողով» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գուբազ Սանիկիձեի կարծիքով` երկրում իշխանափոխության միակ ճանապարհը հեղափոխությունն է. - Սահակաշվիլիի վարչախումբն ընտրություններով իշխանությունը չի լքի. այդ պատճառով` միակ ելքը հեղափոխությունն է: Առավել ևս այսօր` երբ հեղափոխություն ներն արդարացված են: Վրաց իշխանությունները չեն մեկնաբանում ընդդիմության` այս գարնանը կոնկրետ գործողությունների դիմելու ծրագրերը: Չնայած` Սահակաշվիլին բազմիցս ափսոսանք է հայտնել, որ վրացական ընդդիմությունը բավարար չափով ուժեղ չէ. - Վրաստանն այսօր չի կարող պարծենալ ուժեղ ընդդիմությամբ: Ապագային ես լավատեսորեն եմ նայում և գտնում եմ, որ այն շուտով այնքան կամրանա, որպեսզի ի վիճակի լինի հաղթել ընտրություններում ու կառավարել երկիրը,¬ փետրվարի վերջին ասել էր նա լիտվական Valstybe ամսագրին տված հարցազրույցում: Տեղին է նշել, որ հասարակության համակրանքը գործող նախագահի կողմն է: Վրաստանում ամերիկյան մի ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներին մասնակցած 1200 մարդկանց 25 %¬ն է սատարում ընդդիմությանը: Մինչդեռ 67 %¬ը դրական է գնահատել Միխեիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականությունը: Ընդդիմության սպառնալիքներին թերահավատորեն է վերաբերվում նաև Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի ներկայացուցիչ Գիա Նոդիան: Ըստ նրա` մերձավորարևելյան հեղափոխությունները ոգեշնչել են վրացական ընդդիմությանը, սակայն վերջիններիս շարքերում բացակայում է միասնությունը. - Նույնիսկ բոլորից շատ հեղափոխության մասին խոսող երկու խմբերը` «Վրացական կուսակցությունն» ու Նինո Բուրջանաձեի կուսակցությունը, հակադիր են միմյանց: Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունը բավական կտրուկ սահմանափակում է հեղափոխական հայտարարությունները: Փորձագետի դիտարկմամբ` ժողովուրդն էլ տրամադրված չէ հեղափոխության. մի մասը «հոգնել» և կայունություն է ուզում, իսկ մյուս մասը պահանջներ չունի ներկա իշխանությունից: