Նվեր ՐԱՖՖԻ Ե ր գ


Չէ´, ինչո՞ւ հարբած... Պարզապես գինի էր ու շատ էր... և ամեն անգամ քո կենացն էր, և ամեն անգամ դու չէիր լսում: Պարզապես տարածություն էր.... որ հարկավոր էր... խմել: Որ հարկավոր էր խմել ու հասնել քեզ: Եվ հասնել.... և լռել: Չէ´, ի՞նչ կարոտ Պարզապես դու չես հերիքում, անընդհատ չես հերիքում, ու երբեք չես հերիքում` իբրև ներկայություն ու մոտեցող ձեռք: Չէ´, չէ... ի՞նչ սեր Պարզապես դու փակում ես աչքերդ, որ ես երազ տեսնեմ, քայլում ես, որ ես հոգնեմ, ծնվում ես, որ շարունակվեմ, Հիվանդանում ես, որ ի´նձ համար բժիշկ կանչեն... Ասում ես գարուն է, որ ճերմակ ծաղկաբույր շնչի իմ աչքերին: Ժպտում ես, որովհետև ինձ սազում է: Ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն` «ուրախ մարդ է»: ... Ապրիր... թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն իմ աճյունը ծառերի միջով: