Անպատվաբեր «շուրջպար»


Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այդ կառույցի նախագահ, թուրք Մևլութ Չաուշօղլուին հաջողվեց բյուրոյով անցկացնել մի որոշում, որի համաձայն վերսկսվելու են Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: Արդեն հայտնի է այդ ենթահանձնաժողովի նոր ղեկավարի անունը` իսպանացի պատգամավոր, բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Հորդի Խուկլա ի Կոստա: Ենթահանձնաժողովը ստեղծվել էր դեռևս 2005 թվականին և…ձախողել իր աշխատանքները: Որովհետև նրա անդամ հանդիսացող 14 պետությունների ներկայացու ցիչներն ամեն անգամ, երբ հարկ էր լինում ենթահանձնաժողովի անունից քննարկման ներկայացնել որևէ բանաձևի նախագիծ, հայտարարում էին, թե «խնդրին լավ չեն տիրապետում», «վստահում են Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա եռանախագահներին` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ներկայացուցիչներին»: Մի խոսքով, իր ավելորդությունը հիմնավորելուց զատ` ենթահանձնաժողով կոչեցյալը կառուցողական ոչինչ անել չկարողացավ, իսկ երբ նրա նախագահ լորդ Ռասսելը մահացավ` ընդհանրապես դադարեցրեց իր գոյությունը: Հիմա ի՞նչ է պատահել, ի սկզբանե մեռելածին այդ կառույցն ինչո՞ւ են ուզում դարձյալ կենդանացնել: Ի՞նչ է տալու այն` բացի նրանից, որ կրկին դառնալու է հայ-ադրբեջանական պատվիրակությունների լեզվակռիվների ասպարեզ: Այսինքն` ծառայելու է ոչ թե հակամարտողների միջև երկխոսության կայացմանը, այլ` փոխադարձ մեղադրանքների շարադրմանը, առճակատումների ու թշնամանքի խորացմանը, վեր է ածվելու միմյանց դեմ քարոզչական պատերազմ մղելու նոր հարթակի: Դրա համար էլ մեր պատվիրակությունը հայտարարել է, թե չի մասնակցի այդ ենթահանձնաժողովի աշխատանքին: Ու հայտարարել է ամբողջ կազմով` և´ ընդդիմադիր, և´ իշխանամետ պատվիրակների անունից: Մինչդեռ ենթադրվում է, որ այդ «ենթա»¬ում ներկայացված պիտի լինեն Վեհաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները, մեկական պատգամավորներ ընդդիմության ներկայացուցիչներից, նաև` ԵԽԽՎ-ի լիբերալ-դեմոկրատների և ձախակողմյան ուժերի պատվիրակները: Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը ներկայացնելու են ավելի վաղ իր ադրբեջանամետ դիրքորոշումներով աչքի ընկած Մայքլ Հենեկերն ու մի շարք այլ պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, թե հայկական կողմը բոյկոտելու է այդ ենթահանձնաժողովի աշխատանքը նախ այն պատճառով, որ նպատակահարմար չի համարում մասնակցել մի խորհրդարանական գործընթացի, որն առավելաբար վնասելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Բացի այդ` վստահություն չկա այդ հանձնախմբի օբյեկտիվության նկատմամբ: ի վերջո, հայտնի էլ չէ, թե այն կոնկրետ ինչո՞վ է զբաղվելու: Մի հանգամանք էլ կա` ԵԽԽՎ-ն չի կարող, ուղղակի լիազորություն չունի քննարկելու այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են զինված ուժերին, տարածքներին, դրանց ազատագրմանը կամ բռնազավթմանը, վերադարձմանը կամ չվերադարձմանը: Այդ հարցերը ԵԱՀԿ¬ի իրավասությունների շրջանակներում են և միասնական փաթեթով քննարկվում են հենց ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ղարաբաղի հարցով մեռելածին ենթահանձնաժողովի վերակենդանացումը ինքնիրավչություն է: Վեհաժողովն այդ ենթա-խմբակի ստեղծմամբ կամ վերակենդանաց մամբ ձգտում է ինքն իրեն օժտել իր մանդատից չբխող լիազորություններով: Եվ դա անխաբ վկայությունն է այն իրողության, որ Թուրքիան և Ադրբեջանը (որոնց նախաձեռնությամբ էլ այն վերակենդանանում է) ամենևին շահագրգռված չեն հակամարտության արդարացի և խաղաղ լուծմամբ: Նրանք ակնհայտորեն քարոզչական պատերազմի նոր ճակատ են բացում, ուրիշ ոչինչ: Թող բացեն: Թող առանց մեզ անմեղսունակ բանաձևեր հորինեն ու անցկացնեն իրենց ինքնամխիթարանք խմբակով: Ի՞նչ է տալու նրանց այդ խաղը: Միևնույն է, աշխարհում դեռ երբեք չի եղել, որ որևէ խորհրդարանի, թեկուզև Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ընդունած բանաձևերով որևէ հակամարտություն լուծվի: Ասենք թե` նույն Չաուշօղլուն, օգտագործելով ԵԽԽՎ նախագահի իր դիրքը, հիշյալ ենթահանձնաժողովով կամ նույնիսկ Վեհաժողովով անցկացնի մի բանաձև, որով, դիցուք, հայկական կողմին կոչ արվի «հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Ո՞վ է նման հորդորը բանի տեղ դնելու: Եթե սրտները շատ է ուզում` թող ինչքան կարող են` իրենք ծափ տան, իրենք էլ պարեն: Պարզապես ցավալի է, որ այդպիսի մի հեղինակավոր միջազգային կառույց, ինքն էլ հրաշալի պատկերացնելով, որ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացումը ուղղակի անիմաստ է, թուրքերին ու ադրբեջանցիներին թույլ է տալիս իրեն ներքաշել այդ կարգի անպատվաբեր մի «շուրջպարի» մեջ…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ