«Ա˜խ, թեկուզ ուշ` վերածնված, Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ…»


Այս տարի լրանում է հայոց հրաշակերտ Անիի հիմնադրման 1050-ամյակը: Հայաստանում և Սփյուռքում փետրվարի կեսերից մեկնարկելու է միջոցառումների շարք` այդ թվում` Անիին նվիրված գիտաժողովներ, հեռուստածրագրեր, փաստավավերագրական ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրումներ: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության` հոբելյանի նշումը կլինի ոչ միայն հայրենիքի տուրքը մեր նախնիներին` նրանց ստեղծագործ հանճարին, այլև լավագույն առիթ` ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու, քարոզելու և տարածելու հայ մշակութային արժեքները: Իրոք, Անիի 1050¬ամյակը տոնելը պատեհ առիթ է` ի լուր աշխարհի պատմական աններելի անարդարության մասին հիշեցնելու համար: Թեև անգամ մեր լռության դեպքում ուղղակի կաղաղակեր մերկ ճշմարտությունը` բոլոր փաստերն ու ապացույցները, որ Անին հայաշունչ է, Անին հայկական է, Անին ՀԱՅ է: Այն, որ գեղակառույց մայրաքաղաքը Հայաստանում մոռացված չէ, փաստ է` Անին հատկապես վերջին տարիներին նորածին աղջիկներին տրվող ամենատարածված անուններից է: Այդուհանդերձ, թե որքանով է ժամանակի հոյակերտ քաղաքի պատմամշակութային արժեքը հայտնի հայերին, դժվար է ասել: «Անի» անվամբ` ներկայումս ունենք գործող հնարավոր ամեն տեսակի կառույց ու «օբյեկտ»` սրճարան, հյուրանոց, վաճառասրահ և այլն: Սակայն հետաքրքիրն այն է, որ նաև դրանց անվանակոչող ներից շատերն են անտեղյակ վաղեմի մայրաքաղաքի պատմությանը: Նրանց համար կարևորը` որ զբոսաշրջիկ սփյուռքահայերի սիրտը շարժի «Անի» անվանումը` դեպի սպասարկման սրահներ «էստի համեցեք» անելով դրսի ոչ դատարկագրպան, սակայն կարոտակեզ հայրենակիցներին: Նույնիսկ ավերակվելուց հետո տասնամյակների ընթացքում 1000 ու մեկ եկեղեցիների հոյակերտ քաղաքի փայլը չխամրեց. յուրաքանչյուր տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Անի` դեռևս կանգուն նրա ավերակներով հիանալու: Ու շատերը Հայաստանի մասին առաջին անգամ իմանում են Անիի շնորհիվ ու նրա միջոցով: Ցավոք, վայրագ թուրքերի դիմագիծը քաղաքում տեսանելի է ամեն քայլափոխի, անշուշտ` միայն ավերված շինություններում ու անասնագոմեր դարձած եկեղեցիներում: Ժամանակն ինքն է փաստել` թեկուզ խոնարհված, բայց անմահ քաղաք է «հազար ու մի» եկեղեցիների օրրանը: 961¬ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունի թագավորի կողմից մայրաքաղաք հռչակված Անին` արարող մեր ժողովրդի տաղանդի քարեղեն վկաներից է ու ազգային հպարտությունը: Մենք Անի ունենք առայժմ և մինչ այն պահը, երբ թուրքական իշխանությունը վերջնականապես կորոշի հիմնահատակ անել հայկական մշակույթ հիշեցնող ամեն մի քար ու սյուն: Այս գիտակցումն էլ, կարծես, պետք է ստիպի առավել բարձր գնահատել ու պահպանել այն ամենն, ինչ ունենք` ինչ մեր կողքին է և մեր վերահսկողության ներքո է. լինի դա հուշարձան, խաչքար, թե այլ մշակութային կոթող:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ