ՀԱՐԿԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ


Վերջերս կառավարության նիստում խստորեն պահանջ դրվեց 2012 թվականին հավաքագրել 100 միլիարդ դրամով ավելի, քան` այս տարի: Այսինքն, այդ կերպ պետական բյուջեն ավելացնել 100 միլիարդ դրամով` լուծելու մի շարք սոցիալական խնդիրներ, շուրջ 100 հազար պետական ծառայողի ապահովել սոցիալական գումարներով և այլն: Ասել է թե` 2012-ի պետական բյուջեն լինելու է ոչ թե գոյատևման, այլ սոցիալական ապահովվածության: Սա, ըստ էության` տեսականորեն: Այո´, տեսականորեն, որովհետև առայժմ չկա այդ գումարը, սակայն կան ծրագրերը, կա նաև հանձնարարութ յունը: Բայց գործնականորեն շատ բան դեռ մշուշոտ է ու անհայտ: Ուրեմն, գործնականորեն դեռ չենք կարող հաստատել, թե ունենք սոցիալական ապահովվածություն երաշխավորող բյուջե: Եվ այսպես մտածելու պատճառն այն է, որ ամեն ինչ կախված է հարկահավաքչությունից, ամեն ինչի երաշխավորը դառնում են հարկերը: Իսկ հարկատուներն արդեն շնչահեղձ են լինում հարկերի ծանրություններից, օրավուր ակնհայտվող խստացումներից: Իշխանությունները հարկային խստացումների իրենց բացատրություններն ունեն, հարկատուներից շատերն էլ դրանցից բողոքելու` իրենց հիմնավորումները: Առաջինին պետք են խստացումները, որպեսզի կյանքի կոչվեն պետական ծրագրերը, երկրորդներն էլ այլևս անզոր են դիմակայել ավելացող տոկոսադրույքներին, ստվերայինների փոխարեն վճարելու ստիպմունքին... Տնտեսագիտական բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ հարկային ճկուն քաղաքականություն վարելու, որոշ տնտեսվարողների օրինական արտոնություններ տրամադրելու դեպքում Հայաստանը կարող է ապահովել բյուջեի բնականոն ձևավորումը` խույս տալով ավելորդ հարկային խստացումներից, ոչ իրատեսական հաշվարկներից: Սակայն շատ վաղուց վարժվել ենք` առաջնորդվել թեզիսներով, միայն հարկերի վրա հենվող բյուջետային մուտքերով` այդպես էլ չփորձելով հիմնավորել տնտեսության մեջ նոր գաղափարներ և նոր տեսադրույթներ: Ճիշտ է, Հայաստան ենք հրավիրում մարքեթինգի հիմնադիր Ֆիլիպ Կոտլերին, քառօրյա դասախոսությունների շոու սարքում, սակայն իսկական տնտեսվարողներն ու տնտեսությամբ մտահոգվողները Հայաստանում կհիմնավորեին ճշմարիտ տնտեսագիտությունը` ճշմարիտ խորացումներով: Բայց այս ամենի մասին մտածելու, մի քիչ ավելի նախաձեռնողական լինելու փոխարեն` հայրենի կառավարությունն ընտրել է «ամենակարճ ճանապարհը»` հարկային պարտավորությունների խստացմամբ և անիրականանալի հարկահավաքչությամբ տպավորություն ստեղծել, թե առաջ ենք գնում, թե մտահոգված ենք զարգացման բյուջե ունենալու գաղափարով... Ինչպես Վահան Տերյանը կասեր` «Պտտվի´ր, պտտվի´ր, կարուսել...»...