Գարի Բարդինը, Թադեուշ Վիլկոշը, Գայանե Մարտիրոսյանը և մյուսները


Մեր ժամանակը սրընթաց առաջանում է հատկապես տեխնիկական նորահնար, զարմանահրաշ գյուտերով: Միշտ չէ, որ արտասովոր հնարավորություններով սարքավորումը (հատկապես կինեմատոգրաֆում անվրեպ տպավորվող հնարավորություններով) գերազանցում է անհատ ստեղծագործողին` ավանդական արտահայտչամիջոցներում հմտացած, մանկան ու մեծի ներաշխարհի խորին շերտերում իմաստնացած: Այս առումով շահեկանորեն առանձնանում էր Գարի Բարդինի կինոարվեստը` զարմանալի խոսուն տիկնիկներով, դրանց հեքիաթային, մանկան երևակայությանը բնորոշ ամենաանհավանական նյութից կերտված կառուցվածքներով: Ստեղծագործական հանդիպման ընթացքում ցուցադրված երկու «Չուչա»-ները և մրցութային երրորդ «Չուչան»: Ինչի՞ մասին էին պատմում դրանք. ծնողները, մեծերն առհասարակ, տարված իրենց տարիքային հետաքրքրություններով, հոգսաշատ առօրյայով, մոռանում են սեփական մանկությունը` հաճախ անտեսելով ամենակարևորը` հարկավոր ժամանակ և ուշադրություն հատկացնել սիրելի երեխաներին, նրանց հետ երբեմն մանկանալ: Այսպես Բարդինի մանչուկը, հենց ամանորյա գիշերը տխրում է միայնակությունից և, այդ գիշերվան վերագրված հրաշքով, գտնում հրաշալի ելք` խորդանոցում թողնված բարձով ու բռնցքամարտի ձեռնոցներով պատրաստում առաջին հայացքից անհրապույր մի տիկնիկ` Չուչային, որը, կենդանություն առնելով, ոչ միայն հեքիաթային հմայք ու բովանդակություն է հաղորդում նրա լքվածությանը, դառնում հոգատար դայակ, այլև օգնում է հաղթահարել ծնողների ու իր միջև առաջացած խորթության պատը, իրենում ծլարձակած եսակենտրոնության չարացնող հիվանդությունից լիովին բժշկվել: Ֆիլմերի հեղինակ հանրահայտ մուլտիպլիկատորը, որի անդրանիկ ֆիլմը` «Հասնել երկնքին», ծնվել է 1975-ին` որդու ծննդյան օրը, իրավամբ չի ընդունում համակարգչային կինոարվեստը, չնայած աշխատանքային ռեժիմի անհամեմատ դյուրությանը: Այսօր, ընտանեկան ջերմությամբ միավորված իր ստեղծագործական խմբով, դժվարին տառապանքով արարում է իր լավագույն անիմացիոն ֆիլմը` «Անճոռնի ճուտիկը»` մեծ ու փոքր հանդիսատեսին հավաստելու, որ ամենաանճոռնի ճուտիկը միանգամայն ընդունակ է հիասքանչ կարապի վերածվելու: Հասկանալի է, թե ինչու փառատոնի կազմակերպիչները Արաբկիրի մանկապատանեկան բժշկական համալիրում վերականգնողական թերապիա անցնող երեխաներին հենց Բարդինի արվեստով ներկայացան: Մանկական տարիքին հարիր գունագեղությամբ ու մտածողությամբ, անսպասելի կախարդանքով բարձր գնահատականի էին արժանի «Դոբրինիան ու հրեշը», «Երեք զանգակը», լիամետրաժ և մուլտիպլիկացիոն ժանրերի օրգանական սինթեզով աչքի ընկնող Թադեուշ Վիլկոշի ուշագրավ պատմությունը: Այս կարգի ֆիլմերի կողքին պարզապես անհասկանալի էր «Բժիշկ Դ-ի կղզին» (Լատվիա)` չարագուշակ ծերացած վամպիրի` նույնիսկ պատանեկան հասակի համար անընդունելի մունջ պատկերներով նկարագրված զզվելի կյանքը: Ակամա մտաբերեցի «Ջոանը» (Նիդեռլանդներ), որ արևմտյան բարքերի բաց ու միակողմանի ցուցադրությամբ, անսեր սիրո մանրամասներով, իմ կարծիքով, թյուրիմացաբար էր ընդգրկվել այս փառատոնի ծրագրում: Այս տեսանկյունից միջին որակ էր կազմում նույն երկրի «Դոնը» կինոժապավենը. չնայած մեր իրականությանը առայժմ, փառք Աստծո, խորթ են սեռական հասունացման տարիքային փոփոխությունների իրական արտահայտությունները, որ սովորական են համարվում «դրսում»: Եվ մեր հանդիսատեսը, այնքան էլ լավ չըմբռնելով «Ցօ րՏ ՎվՏռ ֆՑՏ րՊպսՈպՔՖ » խոսքերի բուն իմաստը, բուռն ծափողջույններով էր արձագանքում ֆուտբոլային մրցաշարի աշխույժ տեսարաններին, ոգևորվում պատանիների նվիրվածությամբ այդ ամենամասսայական մարզաձևի նկատմամբ: Մանկան ներաշխարհի խորը իմացությամբ արված մի գողտրիկ իրապատում կտավ էր բոսնիական «Ինչպես էինք խաղում» կինոժապավենը` մեծերի հակամարտությունները անհասկանալի և անընդունելի են չպղտորված մարդկային հոգում արյունոտ թշնամանքին ընդդիմացող «փոքրիկ» մարդկանց` մանկության դրկից երկու ընկերների համար: Նույնատիպ զգացողություններ էր արթնացնում ռուսական «Ջերմոցային էֆեկտը»` երկու լքված երեխաների համերաշխ պայքարը ճակատագրի դաժան հարվածները սիրով հաղթահարելու համար: Բարի մարդկային զգացմունքների պահպանմանը ձոնված էլեգիա էին «Սուրբ Ֆաուստի գաղտնիքը» (Իտալիա), «Լիզանը» (Գերմանիա): Իր չհնացող ասելիքով, քնարական շնչով ու կենսական համակողմանի ընդգրկումով, մանկան ու իր հավատարիմ շան ապրեցնող, ամեն անհնարին թվացող արգելք հաղթահարելու զորությամբ կրկին կինոսրահը հիպնոսացրեց անգլիական հանրածանոթ «Լեսի» ֆիլմը: Մեծ խանդավառությամբ ու մնայուն տպավորություններով թերթվեցին Բորիս Գրաչևսկու «Երալաշ» երգիծական կինոհանդեսի` վերջին տարիներին «գրված» էջերը, որոնցում պատանի հանդիսատեսն անմիջապես որսում էր կյանքից քաղված դրվագների հումորն ու իմաստը: ...Մանկապատանեկան միջազգային II փառատոնի ավարտական ղողանջների արձագանքը կգտնեք «Ավանգարդի» հաջորդ համարում, մշակութային լրահոսում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ