Մոլորեցո՞ւմ է, թե՞ ցնորատեսություն


Մինչ օրս մարդկությանը հայտնի բոլոր երկարակյացներին հարկավոր է ևս 100-150 տարի ապրել` հասնելու համար Լի Ցինյունի սահմանած ռեկորդին: Այս մարդն ապրել է… 256 տարի: Իհարկե` ոչ մեր ժամանակներում: Ու սա հիմար հորինվածք չէ. այս պատմությունն ուսումնասիրել են գիտնականներն ու ժուռնալիստները:

1930 թ. New York TiΗes-ը գրել էր, որ Ձենգդուի համալսարանի պրոֆեսոր Վու Չունգ-ցզեն հայտնաբերել է 1827 թ. Չինական կայսրության կառավարական գրություններ, որոնցում Լի Ցինյունին շնորհավորում են ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ: Իսկ 1877-ին արդեն շնորհավորել էին նրա ծննդյան 200 ամյակը:

Լին բուժախոտերի առևտրական է եղել: 10 տարեկանից նա սարերում բուժաբույսեր է հավաքել և իմացել է, որ դրանք երկարացնում են մարդու կյանքը: Շուրջ 40 տարի նա սնվել է միայն խոտաբույսերով: 1749 թ., 71 տարեկան հասակում նա զինվորագրվել է Չինաստանի բանակին` որպես մարտարվեստի ուսուցիչ: Նա միշտ եղել է բոլորի սիրելին, 23 անգամ ամուսնացել է, ավելի քան 200 անգամ հայր դարձել:

Կյանքի առաջին 100 տարիներին նա շարունակել է բուժաբույսեր հավաքել ու վաճառել: Հետո վաճառել է ուրիշների հավաքածուները: Ինքն էլ սնվել է այդ բույսերով և բրնձի գինիով:

ՈՒ ՆԱ ՄԻԱԿԸ ՉԷՐ

Լիի աշակերտներից մեկը պատմել է, որ ինքը հանդիպել է մի տղամարդու, ով ավելի քան 500 տարեկան էր: Այս երկարակյացն էլ նրան սովորեցրել է շնչառական «ցիգուն» վարժությունները և մի քանի սննդակարգային խորհուրդներ, որոնք կարող են օգնել դարերով երկարացնելու կյանքը` մարդկության պատկերացումներից վեր: