ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանից տեղեկացրել են, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը:

Մուրադխանյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը` ապօրինի կալանքի տակ պահելու մասին: Արարատ Մուրադխանյանին Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո` որպես փոխհատուցում: Իհարկե, հաճելի է, որ վերականգնվել է արդարադատությունը, մարդը հասել է իր պայքարի ավարտակետին` ապացուցելով, որ հայաստանյան երեք դատական ատյանը սխալ վճիռ են կայացրել. վճիռ, որն ամենադաժանն է և համազոր է մահվան: Սակայն, հարց է ծագում, ինչո՞ւ պետք է տուգանքը վճարի ՀՀ կառավարությունը և ոչ թե այն դատավորներն ու դատախազները, ովքեր մեղադրանք են առաջադրել, պաշտպանել այն և վճիռ կայացրել: Ինչո՞ւ իբր թե արդարադատություն իրականացնողների սխալների համար պիտի տուժի ՀՀ բյուջեն, կառավարությունը: Չէ՞ որ այդ վեց հազար եվրոյով կարելի կլիներ 60 թոշակառուի իբրև հավելավճար` հանձնել 100-ական եվրո… Ի վերջո, դատավորներն ու դատախազները կարող են մեղավորներից կաշառքներ վերցնել, անմեղներին ու անպաշտպաններին դատել, իսկ տուգանքն էլ պիտի վճարի ՀՀ կառավարությո՞ւնը…