ԱՊՐՈՂ ԴԱՍԱԿԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱՊԱՏԿՎՈՒՄ Է


Գորիում ծնված, սակայն իր ողջ գիտակցական կյանքը հայրերի հայրենիք Հայաստանին նվիրած կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ով իրավամբ հանդիսանում է 20-րդ դարի ազգային երաժշտության դասականներից մեկը, օրերս նշեց իր ծննդյան 90-ամյակը: Ստեղծագործող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր... Այս և այլ կոչումներ ու տիտղոսներ են տեղ գտել Էդվարդ Միրզոյանի անվան կողքին` իմաստավորելով նրա ընթացքն ու ապրածը: Իսկ Էդվարդ Միրզոյանի կենսագրությունը մի ողջ սերնդի ու մի ողջ պատմական շրջանի կենսագրությունն է: Գիտեմ, որ Էդվարդ Միրզոյանը երբեք էլ լուրջ չի վերաբերվել այդ կոչումներին ու տիտղոսներին, ոմանց նման աղմուկ չի բարձրացրել, չի վազել շքանշանների ու մեծադղորդ ածականների հետևից: Երբեմն չի էլ ընդունում, երբ իր անունից առաջ են դնում այդ կոչումները. դե, ինքը Էդվարդ Միրզոյանն է, մեր կողքին ապրող լեգենդար մարդը, իր ինչի՞ն են պետք պայմանականությունները: Մանկան անկեղծությամբ ու անմիջականությամբ` մի անգամ խոստովանություն արեց, թե` եթե հնարավորություն ունենար կյանքը նորից սկսելու, ապա երբեք չէր ուզենա զբաղվել կոմպոզիտորական գործունեությամբ, մի ուրիշ, «օգտակար» գործով կզբաղվեր... Այսպես կարող էր ասել միայն Էդվարդ Միրզոյանը` մեծ, շատ մեծ ... երեխան... Այո, երեխան, որովհետև միայն հանճարեղ մարդիկ կարող են երեխայի պես հրճվել ու ուրախանալ, բացահայտել առեղծվածն ու հրճվանքով վերաբերվել առեղծվածին: Իսկ առեղծվածը երաժշտությունն է, բնության մեջ պահված ձայներն են, որոնք որսում են միայն տաղանդավոր մարդիկ, գույն ու կերպ հաղորդում այդ ձայներին, տեղավորում ընդամենը յոթ նոտաների մեջ ու դրանց միջոցով հնչեցնում աշխարհի ձայները, պատկերում հույզ ու տառապանք, սեր ու երջանկություն... Էդվարդ Միրզոյանի երաժշտությունն այս ամենի ներդաշնակությունն է, այս ամենի արտացոլումը: Եվ` լավատեսության հաստատումը: Երևի հենց լավատեսությունն է նրան ապրեցրել ու կանգնեցրել 90 տարիների բարձունքին` միշտ առույգ, մշտաներկա մշակութային բոլոր իրադարձություններին և իրողություններին: Վերջերս Օպերայի և բալետի թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ» բալետի առաջնախաղն էր: Նստած էր առաջին շարքում, մեծ կենտրոնացմամբ հետևում էր ստեղծագործության կատարմանը: Հետո, երբ ավարտվեց ներկայացումը, կնոջ թևին հենված` հայտնվեց կուլիսներում: Հերթով մոտեցավ արտիստներին, շնորհավորեց, ապա սկսեց զրուցել դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ` իր դիտարկումները ներկայացնելով նվագախմբի կատարման մասին: Ես զարմացած լսում էի նրան. դահլիճում գտնվող շատ «պրոֆեսորներ» շտապեցին դուրս գալ թատրոնից` երևի մտածելով, թե իրենք անհասանելի են, անմերձենալի, թե` արտիստներին այն էլ է բավական, որ իրենք դահլիճում են եղել: Իսկ ահա ապրող դասականը երեխայի հրճվանքով շնորհավորում էր, շատ քաղաքավարի ու նուրբ` դիտողություններ անում... ... Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Միքայել Միրզայանի որդին, մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, ուր ապրել է իր գեղարվեստական ձևավորմանը մեծապես նպաստող միջավայրում: Խորհրդահայ մշակույթի սկզբնավորման եռանդուն մասնակից Միք.Միրզայանի տանը հաճախակի հյուրընկալվում էին քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ, առաջին հերթին` երաժիշտներ: Կոնսերվատորիային կից օժտված մանուկների խմբի, այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սանն առաջադիմում է դաշնամուրային դասարանում (Ա. Մնացականյան, Օ. Բաբասյան): 12 տարեկանում գրած Քայլերգը դաշնամուրի համար նոր իմաստ հաղորդեց նրա ուսման հետագա ընթացքին: 1936 թ. նա սովորում է Երևանի կոնսերվատորիայի` Վ. Տալյանի ստեղծագործական դասարանում: Կոմպոզիտոր Վ. Տալյանը լոկ հմուտ մանկավարժ չէր: Իրեն հատուկ հայրական հոգատարությամբ նա ապրում էր իր ուսանողների բազմատեսակ հետաքրքրություններով, խորապես մտահոգված էր սաների անհատականության ու բնատուր կարողությունների առավելագույն բացահայտմամբ: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հատկապես Է.Միրզոյանի ու Ալ.Հարությունյանի կյանքում մեծ և բարերար էր ականավոր երաժիշտ, դիրիժոր, հիանալի մանկավարժ, կոնսերվատորիայի տնօրեն Կ. Սարաջևի դերը: Երաժշտի հասունացման ամենապատասխանատու հատվածներից մեկը կապված էր Մոսկվայի հայկական կուլտուրայի տան ստուդիայի հետ: Մոսկվայում ուսման ավարտին հետևեց գործունեության նոր, հարուստ և ուշագրավ ոլորտ: Երիտասարդական եռանդով ու ոգևորությամբ կոմպոզիտորն սկսեց իր մանկավարժական գործունեությունը Երևանի կոնսերվատորիայում` ստանձնելով ստեղծագործական դասարանի ղեկավարությունը: Ժամանակի ընթացքում բազմապատկ վեցին մանկավարժական հմտությունը, գնահատելի զգայունությունը ոչ միայն ուսանողի անհատականության, այլև ժամանակի գեղարվեստական նոր մղումների հանդեպ: Ստեղծագործական ու մանկավարժական աշխատանքին զուգահեռ աշխուժացավ Էդ. Միրզոյանի գործունեությունը Հայաստանի կոմպոզիտորների միությունում, ուր շուտով դրսևորվեց նրա հզոր հասարակական եռանդը: Սկզբում ընտրվում է կոմպոզիտորների կազմակերպության քարտուղար, այնուհետև` վարչության նախագահ (1956-1991): Կոմպոզիտորի համար առանցքային նշանակություն ստացավ աշխատանքը Սիմֆոնիա ստեղծելու ուղղությամբ: Նրա մտահղացումը թելադրում էր ոչ միայն բարդ ժանրի հետ կապված դժվարությունների հաղթահարում, այլև սիմֆոնիայի ողջ հայեցակետի համապատասխանեցում գեղարվեստական իդեալներին: Դասական ավանդույթներին Միրզոյանի հավատարմության ֆոնի վրա հատկապես տպավորիչ ու ազդեցիկ դարձավ նորարարական հզոր շունչը, որն ապահովեց ստեղծագործության գեղարվեստական կատարելությունը: Ինչպես Միրզոյանի Լարային կվարտետը բեկումնային նշանակություն ունեցավ ազգային կամերային-գործիքային երաժշտության համար, այդպես էլ Սիմֆոնիան խորհրդանշեց հայկական սիմֆոնիայի զարգացման նոր փուլը, ազգային սիմֆոնիկ մտածողության գեղարվեստական կատարելությունը: Միրզոյանի Սիմֆոնիան ճանաչվեց որպես ոչ միայն խորհրդային սիմֆոնիզմի, այլև, Դ. Շոստակովիչի գնահատմամբ` խորհրդային ողջ մշակույթի նվաճում: Էդվարդ Միրզոյանը երկար, շատ երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Շատերն ասում են, որ դրանք միության լավագույն տարիներն էին: Իսկ ես հիշում եմ, թե ինչպես 1969 թվականին, երբ նշվում էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը (ես ընդամենը դպրոցական էի), Երևանի այգիներից մեկում բացօթյա համերգ էր. հնչում էին Թումանյանի տեքստերով ստեղծագործություններ: Դաշնամուրի մոտ հայտնվեցին Էդվարդ Միրզոյանն ու Առնո Բաբաջանյանը: Նրանք սկսեցին նվագել «Ալմաստ» օպերայի նախերգանքը: Հետո, չարաճճի երեխաների նման, մի կողմ թողած Սպենդիարյանի երաժշտությունը` անցան ...ջազային իմպրովիզացիաների: Բեմում երկու հանճարեղ երեխա էին` հրճվանքով ու մանկական ոգևորությամբ լեցուն: Հիմա, երբ տեսնում եմ մեր ականավոր կոմպոզի տորին` հիշում եմ այդ երեկոն: Կարծես թե չի փոխվել...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ