Մերձավորների Հայրիկը


Մեր ընթերցողն, անշուշտ հիշում է, թե տրիպոլյան խառնակությունների առաջին օրերին ինչպիսի աղմկարարությամբ (հարբած վիճակում) իր հայրենի Ուկրաինա վերադարձավ Քադաֆիի անձնական ավագ բուժքույր Գալինա Կոլոտնիցկայան: Մամուլը գրում էր, թե նա Քադաֆիի սիրելին է եղել: Սակայն օրերս լրագրողներին իր «բոսսին» լավագույնս ներկայացրած մեկ այլ բուժքույր` Օքսաննա Բալինսկայան, հերքել է այդ լուրը` հավաստիացնելով, որ Քադաֆիի «գլխավոր» բուժքույրը Սերբիայից էր` Դրագա անունով: - Հսկայական մի տարածք առանձնացված է բարձր ցանկապատով, փշալարով: Շուրջբոլորը զինված զինվորականներ են, տեխնիկա,¬ Խկ¬ին պատմել է Բալինսկայան:¬ Մեր հոսպիտալը, որը սպասարկում էր միայն Քադաֆիի ընտանիքին, գտնվում է առաջնորդի գլխավոր նստավայրի կողքին: Ու չնայած Հայրիկը 9 երեխա ու թոռներ ունի, այդ մեծ ընտանիքն ապրում է նստավայրի սահմաններից դուրս` սովորական բնակարաններում: Մուամմարին քնքշորեն Հայրիկ են կոչում մտերիմները, որոնց կարելի է տարբերակել իր պատկերը կրող ձեռքի ժամացույցներով: Ամեն տարի Լիբիայի առաջնորդի պաշտոնը ստանձնելու օրը` սեպտեմբերի 1¬ին, Քադաֆին իր նստավայրում աշխատողներին իտալական ոսկյա ժամացույցն է նվիրել: - Նրանք, ովքեր այնտեղ աշխատել են 6-8 տարի, ամբողջ հավաքածու ունեն,¬ պատմել է բուժքույրը` նշելով, որ Հայրիկն անձնակազմի հանդեպ ուշադիր էր, իսկ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ իր ուղեկիցներին գրպանի փող էր տալիս` խանութներից օգտվելու համար: Քադաֆին պահանջկոտ չի եղել սննդի հանդեպ. անչափ շատ է սիրում մակարոն, բայց ամեն ինչից ավելի նախընտրում է իրենց ավանդական կուս¬կուսը, որը նրան մատուցում են ոչխարի կամ ուղտի մսով: Հանդիպումներից և աշխատանքից հետո Հայրիկը սիրել է նստել դրսում ու մտածել: Իսկ արտերկրներ մեկնելիս իր հետ լրացուցիչ 2 ինքնաթիռ էր տանում. մեկն` իր իրերով, մյուսը` մեքենաներով բեռնված: Գնդապետը փոխադրամիջոցներից նախընտրել է ամերիկյան զրահապատ լիմուզինը. ջիփով միայն անապատ էր մեկնում: Բուժքույրը հերքել է այն կարծիքը, թե Մուամմարը սրտի խնդիրներ ունի. չնայած իր 70-ամյա տարիքին, նա իր առողջությամբ շատերի նախանձը կարող է շարժել: Բալինսկայան ստիպված է եղել հայրենիք վերադառնալ` լիբիական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո: Ու հիմա նա ափսոսում է, որ չի հասցրել հրաժեշտ տալ Հայրիկին, որն այդ պահին անձնակազմի «հավեսը» չուներ: