ՀԵՐԹԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ


Եթե կանխատեսենք, որ ամբողջ մայիս ամսվա ընթացքում լրատվամիջոցները հեղեղված են լինելու քաղաքապետի ընտրություններին մասնակցող կուսակցությունների գաղափարա-ծրագրային նյութերով, հավանաբար սխալված կլինենք: Ավելին, մայիսի 2-ից` քարոզարշավի մեկնարկից հետո, նույնպես ականատեսն ենք լինելու այնպիսի քարոզարշավի, ինչի չհայտարարված ու ոչ պաշտոնական մասն արդեն սկսվել է: Կարճ ասած, ամեն ինչ ընթանալու է այնպես, ինչպես սովորաբար մեզանում սկսվում և ավարտվում են անցկացվող բոլոր համապետական ընտրությունները: Ու ինչպես սովորաբար, այս անգամ ևս քարոզչական գրքույկների տպագրության համար սպառվելիք տոննաներով թուղթը, եթերի համար վճարվելիք անհաշվելի գումարները ընդհանուր առմամբ հայրենի քաղաքական ուժերի համար չպատճառաբանված վատնում կարելի է համարել: Նման քարոզչաքայլերն ավելի շատ մյուսներից ավելի լավը երևալու փոքր-ինչ անհեթեթ նպատակին են ծառայում, ուստիև կուսակցությունները մրցում են ավելի շատ եթերաժամ գնելու և կամ գրքույկներն ու պաստառներն ավելի բարձրորակ ու թանկ թղթի վրա տպագրելու ուղղությամբ, քան ասելիքը շատ ավելի պարզ ու մատչելի միջոցներով ընտրողներին հասցնելու: Իսկ այս ամենի հիմքում «ի՞նչ անել` ավելի շատ քվե ստանալու համար» պարզունակ, բայց դեռևս անլուծելի գլուխկոտրուկն է ընկած, ու որևէ մեկը չի փորձում մտածել ավելի շատ քվեներ ակնկալել` ավելի լավ ծրագրերի մրցակցության, էլ չասած` գաղափարական պայքարի արդյունքում: Քաղաքապետի ընտրություններն այս առումով ակներևաբար նախորդներից չեն տարբերվելու, քանի որ, ինչպես հայտնի է, դեռևս առկա է այս մի քվեարկությունը չքաղաքականացնելու-չկուսակցականացնելու միտումը, ինչն էլ կարելի է կարծել, թե այս պարագայում գաղափարա-ծրագրային պայքարից խուսափելու լավագույն միջոցներից է: Մյուս կողմից էլ այն առաջիկա մրցապայքարի բառացիկ, իսկապես բացառիկ մրցարշավներից է, երբ ամեն մի պատահական քաղաքական ուժ կամ ով չի զլացել ու իբրև կուսակցություն գրանցվել է, այդ քվեարկությանը չի մասնակցում: Եվ հիմա, երբ ավելի քան որոշակի է, որ մայիսի 31-ին մրցելու են, այսպես ասենք, հիմնական քաղաքական ուժերը, ինչ-որ չափով մեծանում է նաև վերջիններիս միջև ծավալվելիք գաղափարական պայքարի հավանականությունը: Ի վերջո, քաղաքապետի ընտրություններում թեկնածուներ են առաջադրել այնպիսի կուսակցություններ, որոնք գոնե իրենք դժգոհ չեն սեփական ծրագրերից: Իսկ եթե այդպիսիք չկան, թերի են կամ վատը, հանրությունը գոնե վստահ է ու կարող է ակնկալել, որ առաջադրված յոթ քաղաքապետացուներից ցանկացածը ցանկացած հարցի վերաբերյալ հստակ վերաբերմունք կարող է արտահայտել: Վերաբերմունք, որ, ասենք, գոնե խորհրդարանի պատգամավորների ծամծմված ձևակերպումներից կամ էլ երեսփոխանների ծանոթ կմկմոցների մակարդակից անհամեմատ ավելի բարձր կլինի: Առաջիկա քվեարկությանը բացառիկ առանձնահատկություններ են վերագրվում: Գոնե վերոնշված առումով այն իսկապես բացառիկ է: Ու այստեղ քիչ է մնում, նախորդ ընտրությունները վերհիշելով ամփոփենք, թե դրանք առանց գաղափարական մրցակցության կամ դրա աննշան առկայությամբ ու մատուցմամբ են անցել` քարոզչության ուղղությունը չգիտես թե ինչ նպատակով և դեպի ուր շեղած լինելու համար… Այս գործոնի թեև փոքր, բայց հավանական ազդեցությունն այս անգամ ևս չարժե անտեսել: Բայց միայն լավատեսությունը, այն էլ երբ խոսքը քաղաքական ուժերին է վերաբերում, հերիք չէ: Շատ շուտով սկսվելու է ավանդական դարձող մի շրջան, երբ ընտրության գլխավոր դերակատարները «հարգելի ընտրողներին» են դիմելու` քվեարկությանը հնարավորինս ակտիվ մասնակցելու, ոչ մի դատարկ քվեաթերթիկ «թշնամի բանակին» չթողնելու զգայացունց հորդորներով: Սովորության համաձայն` հայրենի քաղգործիչները մեկեն սկսելու են քաղաքացիական ակտիվության նշանակությունը կարևորել, բայցև ոչ մեկը չի փորձելու հասկանալ ու խոստովանել, թե ինչպես է պատահում, որ մեզանում տեղի ունեցող քվեարկություններին ընտրողների կեսը կամ միգուցե կեսից ավելին է սովորաբար մասնակցում: Թե հանուն ում է քվեարկելու մայիսի 31-ին` հանրությունը լավ գիտի: Իսկ թե տվյալ քաղաքապետացուի օգտին քվեարկելով հանուն ինչ գաղափարների են մեր քվեաթերթիկներն արկղում հայտնվելու` անորոշ է: Կարելի է կարծել, թե այս հարցի պատասխանը գոնե մինչև հիմա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին չի հետաքրքել ու չի անհանգստացրել: