Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ԵՍ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»


Դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆՆ այսօր արդեն հայ արվեստի ճանաչված ու վաստակաշատ դեմքերից մեկն է: Արվեստագետ, ում ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից: Բազմաթիվ կինոդերերը, տարբեր երկրներում իրականացրած բեմադրությունները, սեփական պիեսները նրան մեծ հռչակ ու ճանաչում են բերել: Օրերս էլ «Համազգային» թատրոնում տեղի կունենա նրա նոր բեմադրության առաջնախաղը, որի հիմքում ռուս նշանավոր թատերագիր Ալեքսանդր Գալինի «Ռետրո» պիեսն է. ստեղծագործություն, որը 1980-ական թվականներին բեմադրվեց ԽՍՀՄ 100-ից ավելի թատրոններում: - Սիրելի Վիգեն, վերջերս էլեկտրոնային կայքերից մեկն անդրադառնալով մեր աստղերի բնակարաններին, գրել էր, որ դու ԱՄՆ-ում ունես բնակարան, մեղմ ասած` բավական հարուստ մարդ ես: - Այո´, ես հարուստ մարդ եմ: Հարուստ եմ իմ կենսագրությամբ, իմ խաղացած դերերով, բեմադրություններով, իմ հիշողություններով: Նման հարստություն ունենալու իրավունքն ու երջանկությունը երևի շատերին չի տրված: Արդեն շատ վաղուց երիտասարդ չեմ, ուրեմն ճանապարհ եմ անցել, կենսագրություն եմ ձևավորել: Ինչ վերաբերում է Լոս-Անջելեսում բնակարան ունենալուն, երևի թե դրա մեջ տարօրինակ ու անբնական բան չպետք է փնտրել: Որքան ինձ հիշում եմ` աշխատել եմ, ստեղծագործել, հոնորարներ վաստակել: Ուրեմն, որպես անհատ ու քաղաքացի` իրավունք ունեմ բնակարան ունենալ, որոշակի բարեկեցություն ստեղծել իմ ու ընտանիքիս համար: Փառք Աստծո, որ ոչ բիզնես ունեմ, ոչ էլ օլիգարխ եմ: Արվեստագետ եմ, ում վաստակը ձևավորվել է ստեղծագործական աշխատանքից: - Դու և´ Երևանում ես, և´ Բեյրութում, որտեղ արդեն «տանու մարդ» ես, լինում ես նաև Միացյալ Նահանգներում, որտեղ քո ընտանիքն է ապրում: Արդյո՞ք դժվար չէ ապրել տարբեր քաղաքներում: - Դժվարությունը զգացի սրտի վիրահատությունից հետո: Երևի մարդու մոտ ամենաթույլը սիրտն է, որը չի դիմանում ծանրաբեռնված կյանքին: Բոլոր քաղաքներում էլ ես ոչ միայն ապրում, այլև աշխատում եմ: Գուցե հենց աշխատանքն էլ ինձ կլանելով` իմ ճանապարհից հեռացնում է դժվարությունները: - Առաջիններից մեկը դու գնացիր Սփյուռք և սկսեցիր բեմադրություններ իրականացնել: Դժվար չէ՞ աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ: - Բեյրութը միշտ էլ մեր ամենամեծ գաղթօջախն է համարվել, երկրորդ Հայաստան: Ինձ համար հաճելի էր այնտեղ հայտնվելն ու աշխատելը: Սփյուռքում պետք չէ փնտրել պրոֆեսիոնալ թատրոններ, որովհետև այլ է դրվածքը, այլ են խնդիրները: Ես ի սկզբանե պատկերացնում էի, թե ուր եմ գնում և ինչու. այդ պատճառով էլ պատրաստ էի ամեն մի դժվարության: Ստեղծեցի իմ թատերախումբը, որն ինձ համար շատ թանկ է: Ես ուսուցիչ եմ այնտեղ, բեմադրիչ ու ընկեր: Երբեք ցանկություն չեմ ունեցել իմ «դերասանների» հետ շատ լուրջ լինել. մենք ամեն ինչ կառուցում ենք խաղի վրա, ոգևորության վրա: Առհասարակ, ինձ համար թատրոնն իսկապես խաղ է, ոգևորություն: Ովքեր դիտել են իմ բեմադրությունները` պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ բեմերում, տեսել են, որ ես հենվում եմ խաղի վրա: Դրանից լավ բան չկա արվեստում: Բեմականացումներ եմ ստեղծել Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա: Թումանյանի հմայքն այն է, որ նա խաղի հրաշալի հնարավորություն է տալիս: Դե, ես էլ կարևորում եմ խաղային սկիզբը: - Ասացիր, որ մեծ ճանապարհ ես անցել, կենսագրություն ստեղծել: Եվ հանդիպել ես մեր արվեստի շատ մեծերի… - Իմ դերասանական կենսագրությունը սկսեցի այն ժամանակ, երբ հայաստանյան մթնոլորտում մեր մեծերի ներկայությունն էր: Բախտ եմ ունեցել խաղընկեր ու գործընկեր լինել Խորեն Աբրահամյանին, Մհեր Մկրտչյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Բաբկեն Ներսիսյանին. անգամ Գուրգեն Ջանիբեկյանի հետ եմ բեմ բարձրացել… Զարմանալի ու հետաքրքիր մարդիկ էին, ճշմարիտ թատրոնականներ: Նրանց հումորն ուրիշ էր, ուրիշ էր նրանց լրջությունը, ուրիշ էին նաև նրանց հարաբերությունները երիտասարդներիս հետ: Ինչքան խիստ` նույնքան էլ բարի էին: Ես հիմա ցանկանում եմ նրանց բարությունն ու խստությունը վերականգնել, որպեսզի հեշտ լինի ստեղծագործելը: - Եթե նրանք լինեին, ինչպե՞ս կվերաբերվեին այս սերիալային «բումին»: - Հասկացա… Մեր հասարակության 70 տոկոսը սերիալ է նայում, իսկ 90 տոկոսն էլ քննադատում է: Հետաքրքիր վիճակ է: Նախկինում մենք սերիալներ չէինք նկարում, սակայն հեռուստատեսային բեմադրություններ կային, որոնք մեծ հաճույքով նայում էին: Սերիալները, եթե լավ են նկարվում, դառնում են մշակույթի անբաժան մասը, ձևավորում են նոր կինոմտածողություն: Սերիալները լրացնում են ստեղծագործական քաղցը, շատ դերասաննների հնարավորություն տալիս ստեղծելու ինքնատիպ աշխատանքներ: Երբեմն այնպիսի հատվածներ ես տեսնում, որոնք հիացնում են դերասանական հրաշալի խաղով: Ասեմ, որ հատկապես Հայաստանում դերասանները մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց սերիալային դերերին: Ես նկարահանվել եմ այն պատասխանատվությամբ, ինչ պատասխանատվությամբ որ գնացել եմ թատրոն կամ գեղարվեստական ֆիլմերի նկարահանումների: - Եվ ի՞նչ ես կարծում, երկա՞ր կտևի «սերիալային» գործընթացը: - Քանի դեռ կա լսարան, քանի դեռ նրանց անհրաժեշտությունը զգացվում է: Եթե թատրոններում շատ լինեն հետաքրքիր բեմադրությունները, եթե հանդիսատեսը շտապի թատրոն` գուցե պակասի հետաքրքրությունը: Սակայն կա մարդկային մի խումբ, սոցիալական մի շերտ, ում համար անհրաժեշտ են սերիալները: - Այսինքն, քիչ են լավ բեմադրությունները: - Եկ երկուսս էլ ձև չանենք, թե հեծանիվ ենք հայտնագործելու: Թատրոնները ստեղծում են լավ բեմադրություններ, կան լավ դերակատարումներ, սակայն դեռ չկա այն թատերական մթնոլորտը, որը փոխեր վերաբերմունքը, փոխեր մարդկանց տրամադրությունները: - Գուցե դրա ժամանակն էլ կգա, որովհետև հիմա մեծ շրջափոխումների առաջ ենք կանգնած: - Դեմ չեմ: Իսկապես այդ ժամանակն էլ կգա: Ինքս այն մարդկանցից չեմ, ովքեր տրտնջում են, բողոքում: Ովքեր ամեն ինչի հոռետեսորեն են վերաբերվում: Ես ստեղծագործում եմ, իսկ սա նշանակում է, որ հավատում եմ, լավատես եմ: Ամենակարևորն այն է, որ ստեղծագործում եմ իմ հայրենիքում, իմ երկրում: Երբ գնում եմ այլ երկրներ, դարձյալ Երևանի հետ եմ: Երևանն իմն է, իմ քաղաքն է, Լոս-Անջելեսում անգամ ես իմ Երևանի մեջ եմ: - Ես հիշեցի, որ քո առաջին դերակատարման մասին մեր թերթն է գրել շատ տարիներ առաջ: Ուրեմն, ի՞նչ կասես մեր թերթին ու մեր ընթերցողին: - Երբ ասացիր` շատ տարիներ առաջ, ինձ թվաց, թե արդեն զառամյալ ծերունի եմ: Կարծես` երեկ էր, որովհետև ես ինձ ծեր չեմ զգում: Հիմա թերթ կարդալու մշակույթը փոքր-ինչ մոռացության է տրվել, շատերը գերադասում են էլեկտրոնային թերթերը: Ես հաճախ ստիպված եմ կարդում էլեկտրոնային տարբերակներ, որովհետև հեռու եմ լինում Հայաստանից: Ժամանակ առ ժամանակ կարդում եմ նաև «Ավանգարդ»: Թերթը շատ է փոխվել, ժամանակակից է դարձել: Ուզում եմ, որ ընթերցողները տեսնեն ու գնահատեն դա: Առհասարակ, թերթ կարդալը շատ լավ է, մարդ հարստանում է, սկսում է մտածել, խորհել, ճանաչել աշխարհը: Հեռուստատեսությունը զրուցակից չի դառնում. այն ինֆորմացիա հաղորդող է, իսկ թերթն ահա զրուցակից է: «Ավանգարդ»-ին ամենալավ ցանկություններս եմ հայտնում: - Ես էլ քեզ եմ փոխանցում մեր լավ ցանկությունները: Առո´ղջ եղիր: