. Բաբայան. «Բոլորն էլ շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանմամբ»


«Ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին հերթին իրականացնում են իրենց պետության քաղաքականությունը, առաջ տանում իրենց պետության շահերը: Չնայած սրան, ես կարող եմ ասել, որ կա ընդհանուր դիրքորոշում, որի հիմքում ընկած է Արցախի հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու մոտեցումը»,- մեկնաբանելով ԵԱՀԿ պաշտոնական կայքում ՄԽ համանախագահների տարածած այն հայտարարությանը, որում վերջիններս անդրադարձել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությանը և ամփոփել իրենց տարածաշրջան կատարած այցը` Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, այստեղ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ ժամանակ առ ժամանակա խոսվում է տարբեր փաստաթղթերի, սկզբունքների մասին, սակայն մեկ բան ակնհայտ է` բոլորն էլ շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանմամբ, որն ինքնին մեզ համար շատ կարևոր է: «Այսօր Կովկասը համաշխարհային քաղաքականության առանցքային ուղղություններից է, և Արցախի խնդիրը պետք է դիտարկել ողջ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, այլ ոչ թե` Հայաստան-Արցախ-Ադրբեջան: Եվ այս պահին, համաշխարհային քաղաքականության համար առաջնային ճակատ է դառնում Մերձավոր Արևելքը, մասնավորապես Իրանը: Հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված անկայուն մթնոլորտը, այս պահին և° ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և° Եվրոպայի, և° Չինաստանի համար կարևոր է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի: Ու նրանք ամեն ինչ անելու են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն լինի»,- ասաց Դ. Բաբայանը: