Երբ խոսքի ազատությունը խաթարում է ադաթը


Իրանի իշխանությունները դադարեցրել են կանանց նվիրված «Զանան Էմրուզ» ամսագրի հրատարակությունը` մի հրապարակման պատճառով: Պարբերականում տպագրված հոդվածներից մեկը հավանության էր արժանացրել պատանիների և աղջիկների համատեղ ապրելը` քաղաքացիական ամուսնությունը, եթե նրանք որոշել են ամուսնանալ: Հեղինակների կարծիքով դա զույգերին կօգնի կենցաղում ևս ճշտել իրենց հարաբերությունները:

Իշխանությունների կարծիքը, սակայն, այլ է.

-Հրապարակումը ոչ միայն արդարացնում, այլ նաև խթանում է իրանցիների կրոնական և ազգային արժեքներին սկզբունքորեն օտար այդ արտառոցությունը,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելին, ինչպես հավաստել է NEWSru IsrΖel-ը` աղմկահարույց հոդվածն արդեն հանձնվել է դատական ատյան:

Հունվարին Իրանում արգելվել էր մեկ ուրիշ` «Մարդոմ Էմրուզ» թերթի լույսընծայումը: Դրա պատճառն էլ «Ես Շառլին եմ» հոդվածն էր` ի պաշտպանություն Փարիզում ահաբեկիչների կողմից սպանված ֆրանսիացի ծաղրանկարիչների:

2013-ին նոր նախագահի ընտրությունից հետո Իրանում գրաքննությունը մեղմվել էր: Արևմտյան փորձագետները նույնիսկ «հալոցք» էին արձանագրել: Սակայն պետական մարմինները և կրոնական համակարգը վերահսկում են լրատվության բովանդակությունը: Ընդ որում, նաև` երաժշտական, կերպարվեստի, լուսանկարչական և կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները, ռադիո և հեռուստահաղորդումները:

Անցյալ ամառ շիա հոգևորականության ազդեցիկ քարոզիչ այաթոլա Մակարեմ Շիրազին, կայքում իրեն ուղղված հարցին ի պատասխան, հայտարարել էր, որ համացանցը հակասում է էթիկայի համամարդկային սկզբունքներին. այն անբարո է: Նա նաև մանրամասնել էր` անբարո է, որովհետև չի նախատեսում որևէ ստանդարտ, որը օգտատերերին թույլ կտար իրենց զերծ պահել «անբարոյական» տեսագրություններից ու լուսանկարներից, ինչպես նաև` ակնհայտ կեղծ լրատվությունից ու լրտեսական ծրագրերից:

Վերջին հաշվով` հոգևորականը չի սխալվում: Իսկ Իրանում անտարբեր չեն իրենց ազգային նկարագրի հանդեպ: (Newsru, coΗ):